ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում պատգամավոր Միքայել Թումասյանի հետ։ Լուսանկարին կից պատգամավորը գրել է․ «Ռոնալդու-Մեսսի պարտիան ա, դե հասկացաք՝ Ռոնալդուն ես եմ»։
Վիլեն Գաբրիելյան անուն-ազգանունը ժամանակին քչերին կարող էր ինչ-որ բան հուշել, եթե համատեղ չհնչեցնեին «նավակ Ճոճող» կամ «Օմարի արծիվ» կեղծանունները։Պատգամավորն, ով ժամանակին իրեն պատկերացնում էր ոստիկանապետի պաշտոնում, այսօր խորհրդարանական ակտիվ գործունեություն է ծավալում՝ նախագծեր է մշակում, օրենքներ է փորձում փոփոխել։ Բայց արի ու տես, որ ինքն իրեն «Օմարի արծիվ» հռչակած ակտիվիստն այլևս նպատակահարմար չի համարում իրեն այդպես ներկայացնել․ ակտուալ չէ, չէ՞ որ Օմարն էլ մերը չէ։
Ժամանակին ֆեյսբուքյան հարթակում Վիլեն Գաբրիելյանն աչքի էր ընկնում նաև իր սկանդալային գրառումներով և մեկնաբանություններով։ Սակայն եթե մի ժամանակ իր բոլոր գրառումների վերջում պարտադիր պայման էր համարում գրել «Հարգանքներով՝ նավակ Ճոճող», վերջին ժամանակաշրջանում պատգամավորն այն ևս սկսել է «իր հագով» չհամարել։ Հիմա նախընտրում է շեշտել, որ ինքը պատգամավոր է, կամ ի՞նչ իմանաս, գուցե նավա՞կն է շուռ տվել։
Պատգամավորը, ում համար ցանկացած, անգամ, աննորմալ բան նորմալ է, հիմա էլ որոշել է ճոճել շախմատը. տեսնես սրանի՞ց ինչ դուրս կգա։