Ներքին 3 տարի առաջ - 16:28 13-11-2022

Այսօր ես ոչ շնորհավորանքի խոսք ունեմ, ոչ ցավակցության, ոչ էլ մխիթարանքի․ Վասակ Դարբինյանը՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա առթիվ

«Այսօր՝ նոյեմբերի 13-ը, Վանոյի ծննդյան օրն է։
Այս փաստը միասնաբար արձանագրում ենք նրան ճանաչողներս ու չճանաչողներս, նրան երբևէ մտերիմ եղածներս ու նրան հասկացածներս, նրա գրով հիացածներս, նրան չհասկացողներդ ու նրան ատողներդ, նաև՝ նրանից իր դատավարություն-խեղկատակություն շոուի օրերին հեռու մնալ գերադասածներդ, այնուհետև նրա բացակայությունից շահողներդ, նրա բացակայությունը ձեզ ծառայեցրածներդ ու հետմահու նրան փառաբանողներդ»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԽ անդամ Վասակ Դարբինյանը։

«Այսօր, երբ նա ավելի քան քսաներկու տարի մեզնից որևէ մեկի հետ չի հաղորդակցվել ու ավելի քան մեկ տարի մեզ հետ հաղորդակցվելու հնարավորություն այլևս չունի,- պիտի ասեմ, որ վերջին քսաներկու տարիներին պարտադիր, բայց շատ անկանոն պարբերականությամբ ես նրան տեսնում եմ իմ երազներում․ տեսնում եմ իմ դժվար օրերին՝ մերթ օտարությունից վերջապես վերադարձած ու ինքնավստահ, մերթ ժպիտով ու անմիջական՝ ասես ոչ մի տեղ չէր գնացել, մերթ մղձավանջը հաղթահարած ու ամենքի հետ հաշտություն գտած՝ այդպիսով ինձ հաշտություն հուշող, մերթ հպանցիկ՝ սկզբունքից չհրաժարվել պարտադրող…

Այսօր ես ոչ շնորհավորանքի խոսք ունեմ, ոչ ցավակցության, ոչ էլ մխիթարանքի։

Այսօր՝ Վանոյի ծննդյան օրը, ես ափսոսում եմ, որ ավելի քան երկու տասնամյակ մեր միտքը խարխափել է ողջամտության ճրագը կորցրածի հուսաբեկությամբ, և Վանոյի բացակայությունը եղել է ոչ թե ֆիզիկական բացակայություն, այլ մտքի, լույսի, տարածության, ազատության բացակայություն։

Ներում չի լինելու և չի կարող լինել Վանոյին Հայաստանից, Երևանից, հայությունից, մեզնից, իր ծննդավայրից վտարածներին։ Նրանցից յուրաքանչյուրը՝ վտարողներն ու Վանոյի ավելի քան քսանամյա վտարանդիության հետ անմռունչ հաշտված «զինակիցները» մի գեղեցիկ օր պիտի առերեսվեն իրենց փոքրոգությանը և մնան այդ փոքրոգության հավերժական գերին։

Ահա այդ ժամանակ կքերվի մեզնից ժամանակի ժանգը, կվերանա օտարացումը, որ թանձրացավ մեր միջև մեր հասուն տարիքում, կանհետանա խորթությունը, որին ընդառաջ գնացինք ամեն մեկս մեր սկզբունքին գերի դառնալով կամ վիճակված փորձությունը չհաղթահարելով,- կվերադառնանք ելման կետ ու դարձյալ կնայենք իրար պատանեկան շիտակությամբ, կժպտանք իրար անխառն մաքրությամբ, ինչպես եղել է մեր վերելքի օրերին, մեր մտքի և զգացմունքի ներդաշնակությունը փնտրելիս, երբ Վանոն մեր կողքին էր»,- գրել է Վասակ Դարբինյանը։




Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը