Երեխաների կրթությունը՝ տնօրենի իրավունքի ու քմահաճույքի միջև․ թղթով կարգին է
copy image url

Երեխաների կրթությունը՝ տնօրենի իրավունքի ու քմահաճույքի միջև․ թղթով կարգին է

Ներքին 2 տարի առաջ - 10:26 20-10-2022

Սեպտեմբերից օրեր առաջ, երբ ուսուցիչները սովորաբար սրտատրոփ սպասում են՝ ինչ կորոշի տնօրենն իրենց մասով, կվերակնքի՞ իրենց հետ պայմանագիր և քանի՞ դասաժամ կտա, դպրոցներում հրավիրվում են ժողովներ, որտեղ էլ հենց հնչում են տնօրենի որոշումները։

Այս տարի սեպտեմբերից առաջ Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ժողովում տնօրեն Աիդա Մուրադյանը Հայ եկեղեցու պատմության (ՀԵՊ-ի) ուսուցչին առաջարկել է շարունակել համագործակցությունը երկու դասաժամով՝ հնչեցնելով պայման․ «Էս ժամերը տալիս եմ, որ դպրոցը օլիմպիադայի հաղթող ունենա»։ Ուսուցիչ Քնարիկ Քոչարյանը հակադարձել է․ «Այս բոլոր տարիներին (1999 թվականից) միայն օլիմպիադայի՞ համար եմ դասարան մտել»։ Տնօրենը շրջվել է ու հեռացել՝ ժողովը համարելով ավարտված։

Վերջին տարիներին Քոչարյանի համար առանձնահատուկ դժվար էր նոր ուսումնական տարեմուտի շրջանը, քանի որ տնօրենն անդադար ակնարկում էր, որ արդեն թոշակառու է։ Հինգ տարի առաջ էլ ՀԵՊ-ի դասաժամերից տվել էր հասարակագիտության ու պատմության ուսուցչին։ Իր բեռը, ճիշտ է թեթևացել էր, բայց ցավալի էր, որ մյուս երեխաներն իր սաների հետ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն էլ չունեին․ մյուս ուսուցիչը հրաժարվում էր բոլոր միջոցառումներին մասնակցել՝ նշելով, որ ծանրաբեռնված է այլ հոգսերով։

Սաստիկ ձմռան պայմաններում առավոտ մութուլուսին Սևան քաղաքից Լճաշեն գյուղ հասնելը հեշտ չէ, բայց Քոչարյանը դասավանդելը չէր ուզում թողնել․ ինքը երեխաներին է շատ սիրում, երեխաներն իրեն, միասին տասնյակ միջոցառումներ են անում, մասնակցում եկեղեցու ու նախարարության կազմակերպած բոլոր մրցույթներին, վիկտորինաներին, օլիմպիական աշակերտները հասնում են նվազագույնը մարզային փուլ, հանրապետականում անցյալ տարի հաղթող ունեցան (այս առարկայից հանրապետականը վերջին փուլն է)։

-Լավ,- ասում եմ,- ընկեր Քոչարյան, դպրոցին սերնդափոխություն է պետք։

-Իհարկե, ես էլ գիտեմ, որ ամենաշատը մեկ-երկու տարի էլ աշխատելու էի ու դուրս գայի (եթե, իհարկե, առարկան այս իշխանություններն ավելի շուտ չհանեին)։ Իմ ցավն այն է, որ ես գիտեմ՝ ինձ փոխարինողը նորմալ մասնագետ չի, երեխաների հետ ոգևորությամբ չի աշխատում, այս առարկան իր հերթական դասաժամն է՝ երեք առարկաներից մեկը, ու ինքը հաստատ այսքան ջանք չի դնելու։ Մեծ սիրով կթողնեի ժամերը, բայց գիտեմ, որ երեխաներին շատ բան ունեմ սովորեցնելու, և զգում եմ, որ այն մարդը, որ պիտի փոխարինի ինձ, չի կարողանալու դա անել։

-Իսկ գուցե կարողանա՞։

-Նախորդ հինգ տարիներին ոչ մի ձևով չենք տեսել, թե կարող է, թե ուզում է։ Անցյալ տարի մայիսին եկեղեցու ու նախարարության համատեղ կազմակերպած վիկտորինային, հիշում եք, շատ զբաղված էի, և շատ դժվար էր ինձ համար երեխաներին պատրաստել այդ միջոցառմանը։ Խնդրեցի, որ ինքն անի, բայց մերժեց՝ ասելով, որ չի կարող։ Այս տարի էլ հոկտեմբերին պիտի լիներ․․․ երեխաներն ուզում էին գնալ-հրաժարվել մասնակցելուց, քանի որ վստահ էին, որ նոր ուսուցիչն իրենց նորմալ չի պատրաստի, կպարտվեն։

-Ի՞նչ է ստացվում․ տնօրենը գիտի, որ նա, ում վստահում է այս առարկան բոլոր դասարաններում, չի կարող տալ իր ուզած արդյունքը ու փորձում է արդեն փորձառու և արդյունք տվող մասնագետին աշխատեցնել նվազագույն՝ երկու դասաժամով՝ երաշխիքներ պահանջելով օլիմպիադայի հաղթող տալու համա՞ր։ Ազնիվ չի։

-Երեխաներին օլիմպիադայի պատրաստելը չարքաշ աշխատանք է՝ որքան էլ իրենք ոգևորությամբ աշխատեն, լավ սովորեն, ուշադիր ու խելացի լինեն, մեծ ծավալի նյութ պիտի անցնես իրենց հետ, այնպես համաչափ տաս, որ հիշեն, ծանրաբեռնվածությունից չհիասթափվեն ու կարողանան վերլուծել։ Վերջին շրջանում գրեթե օրուգիշեր ենք աշխատում։

-Ստացվում է՝ հիմա երեխաների հետ չեն աշխատի, քանի որ բոլոր հավելյալ գործերի պարագայում այս ուսուցիչն ասել է, որ զբաղված է։ Կարող է և, այո, զբաղված է ընտանիքով կամ այլ աշխատանքով։ Բայց, փաստորեն, եթե այլ գործերով այնքան է զբաղված, որ հազիվ դասի ժամին է պարապում, ապա գոնե ինքը պիտի հավելյալ ծանրաբեռնվածության հավակնություն չունենար։ Եվ եթե ազնիվ լիներ, տնօրենին կտեղեկացներ, թե «այս ծանրաբեռնվածությամբ ես միայն կարող եմ դասաժամերս պարապել, օլիմպիադայի մասնակից, միջոցառումներ չեմ հասցնելու, թող այս մարդն աշխատի, մինչև, օրինակ, երեխաներս մի քիչ մեծանան, ես կհասցնեմ»։ Ժամաբաշխումն անելիս տնօրենը պիտի գնահատի մասնագետի արդյունավետության աստիճանը․․․ տվյալ դեպքում ստացվում է՝ ոչ թե ռացիոնալ որոշում, այլ՝ քմահաճույք։

-Դա ապացուցելի՞ է։ Վստահ եմ՝ բացենք ձեր մատյանները, նրա աշակերտները նույնքան, գուցե ավելի բարձր գնահատականներ են ունենալու։

-Գնահատականը միանշանակ չի։ Տարբեր ձևի գնահատականներ կան․ կարող ես կատարել վարկանշային գնահատում, անունը դնել չափանշային ու, ինչպես արվում է մեր շատ ուսումնական հաստատություններում, անցկացնել առաջադիմության տակ, բայց գոյություն ունի նաև արտաքին գնահատում, որն իսկապես չափանշային գնահատում է, որ դրսևորվում է մրցույթների, օլիմպիադաների և նման ստուգատեսների ժամանակ։ Հինգ տարի է՝ դասավանդում է․ թող գոնե մի հոգի ներկայացներ․ այս ընթացքում թող օլիմպիադայի գոնե մի մասնակից տար։ Ներսում գնահատականներ նկարելով չի՝ ինչ ուզես-ցույց տաս։

-Դե լավ, փաստենք, որ տնօրենը Քոչարյանից հոգնել էր․ ժողովների ժամանակ խնդիրներ էր բարձրացնում, ասում էր բաներ, որ բոլորը միայն մտածում էին։ Մի անգամ էլ ինձ պատմեց, որ բոլորի աշխատավարձերը երեքից հինգ հազար դրամով պակաս էին տալիս՝ ինչ-որ անբացատրելի պահումներ էին անում, նյութ գրեցի, մարզպետարանն իրար անցավ, մեծ պատմություն դարձավ, ու իր աշխատավարձը սկսեցին ճիշտ չափով տալ․․․ միայն իրենը։ Բայց այլևս ինձ բան պատմող չկար, դրա համար էլ այլևս նյութ չգրեցի ու մյուսները շարունակեցին ստանալ իրենց կրծած աշխատավարձերը։ Ճիշտ եմ, չէ՞, նաև որոշակի ըմբոստ կեցվածքի համար է տնօրենը ուզում հնարավորինս շուտ ազատվել Քոչարյանի ներկայությունից։

-Կա նման զգացողություն, որովհետև դպրոցում էլի կան թոշակառուներ, որ շարունակում են աշխատել։
Խնդիր է, էլի, դպրոցի տնօրենի քմահաճության խնդիր է։ Նաև՝ այն մյուս ուսուցչի համարձակության կամ ազնվության բացակայությունը (կամ երկուսն էլ՝ ինքը հաստատ գիտի՝ իրական դրությունը, իրական գնահատականները, գործի իրական ծավալը)։ Խնդիր է գործընկեր ուսուցիչների լռությունը։

-Խնդիրը երեխաների կրթությունն է․ իրենք դեռ զանգում են ինձ, կարոտում են մեր դասերը․․․ խնդիրը կրթությունն է։

Կարմեն Մարտիրոսյան՝
Քնարիկ Քոչարյանի դուստր

Ամենից շատ դիտված