Արտաքին 4 տարի առաջ - 21:28 01-10-2022

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի բնակչության էներգիան մոբիլիզացնելու և դրան ճիշտ ուղղություն տալու համար։ Վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին այս մասել է երկրում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալու տասնամյակին նվիրված իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Վրաստանի վարչապետը 2012 թվականի հոկտեմբերի 1-ն անվանել է Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր ամսաթիվը։ Նրա խոսքով՝ ուղիղ տասը տարի առաջ երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում երկրում իշխանության եկավ Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը։

Նա այս գործընթացում կարևորել է անձամբ Բիձինա Իվանիշվիլիի դերը։ «Լիակատար հուսահատության, խորը քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի պայմաններում նրան հաջողվեց մոբիլիզացնել մարդկանց էներգիան և ուղղություն տալ դրան։ Արդյունքում մենք արեցինք այն, ինչ նախկինում անհնար էր թվում՝ մենք խաղաղ ճանապարհով փոխեցինք հակապետական ռեժիմը և հիմք դրեցինք Վրաստանի հաջող զարգացմանը»,- գրել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Վերջինս կարծում է, որ իր թիմին հաջողվել է ոչ միայն պահպանել և ամրապնդել երկրում քաղաքական կայունությունը, այլև իրականացնել լայնածավալ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, խորացնել ժողովրդավարական գործընթացները, ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ երկիրը որքան հնարավոր է մոտեցրել է ԵՄ-ին անդամակցելուն։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով իր իշխանության շրջանում արձանագրված ձեռքբերումները։ Կուսակցությունն իր գլխավոր ձեռքբերումը համարում է երկրում պատերազմի կանխումը։ «Վրացական երազանքի կառավարությունը դարձավ առաջինը Վրաստանի գրեթե 30-ամյա պատմության մեջ, որի պաշտոնավարման օրոք երկրում պատերազմ չի եղել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել