Երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի գրեթե ողջ երկարությամբ՝ օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ արկակոծելով ու գնդակոծելով զորամասերը, դիրքերը, խաղաղ բնակավայրերը, անօդաչուներ նկատվեցին նաև Կոտայքի մարզում, Երևանի մերձակայքում, հարվածեցին նաև Վարդենիսին։
Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն, սկսվեց զորահավաք, որն օրեր անց Հայաստանում ընդհատվեց․ այստեղ իշխանությունը կոչ արեց կազմել ջոկատներ ու որպես կամավորական մեկնել Արցախ՝ զոհվողներին ու վիրավորներին մարտադաշտում փոխարինելու։
Ադրբեջանին մեծաքանակ զենքով, հատուկ ջոկատայիններով ու վարձկաններով օգնում էր Թուրքիան՝ Սիրիայից պարբերաբար Արցախ բերելով ահաբեկիչների․ Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Արցախում մարտերին ներգրավված էր շուրջ 2350 սիրիացի զինվորական: Սիրիացի վարձկանների գաղտնալսված հեռախոսազրույցներում նրանք պատմում էին, որ իրենց կարծես լքել են Արցախի անտանելի ցուրտ անտառներում, և իրենց վարձողները գուցե հույս ունեն, որ իրենք այստեղ կզոհվեն ու ստիպված չեն լինի այլևս վճարել իրենց աշխատավարձերը։ Արցախում սիրիացիներից երկուսը նաև գերի էին ընկել։ Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հաղորդեցին նաև միջազգային լրատվամիջոցները։
Այս պատերազմն առանձնացավ արձանագրված դաժանություններով, որ տեսագրվում էին և տարածվում հայկական սոցիալական ցանցերում․ գերեվարված զինվորներին Ադրբեջանը ստորացնում էր, պարտադրում ճանաչել պարտությունը, հայրենի երկիրը հայտարարել թշնամունը։ Ադրբեջանցի զինվորականները հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների էին ենթարկում մերոնց՝ թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինվորներին, թե՛ ծերերին ու կանանց, հետո այդ ամենը նկարահանում էին, ուղարկում հարազատներին։ Իսկ Ադրբեջանում պատերազմի առաջին իսկ օրվանից սոցիալական ցանցերն անջատված էին։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, ճերմակ մարգարիտ՝ Շուշի քաղաքը, իսկ Արցախի Հանրապետության մնացած տարածքի անվտանգության երաշխավոր դարձավ ռուս խաղաղապահ զորախումբը՝ շուրջ երկու հազար զորակազմով։
Թեպետ պատերազմը կոչվում է «44-օրյա», սակայն Ադրբեջանի զինված ոտնձգությունները շարունակվեցին նաև զինադադարի մասին հայտարարությունից հետո։ Թշնամու զինվորները գրավեցին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, Թաղավարդ գյուղի մի մասը, Հայաստանի Հանրապետությունից՝ տարածքներ Իշխանասարի ու Սև լճերի շրջանում, Ջերմուկի, Վարդենիսի, Սյունյաց լեռներից ռազմավարական նշանակության բարձունքներ ու բլուրներ։
Մինչ օրս հիբրիդային պատերազմը քարոզչական առումով Ադրբեջանը չի ընդհատել ոչ մի վայրկյան․ շարունակում է մեղադրել Հայաստանին իբր հարձակումների, իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցների ու ոտնձգությունների համար, միաժամանակ չընդունելով սահմանախախտումներն ուսումնասիրելու համար համատեղ փորձագիտական անկախ խմբերի աշխատանքը տարածքում թույլատրելու առաջարկները։
Ադրբեջանը փորձում է կանխել նաև հայկական բանակի վերազինման հնարավորությունը՝ հայտարարելով, որ ցանկացած երկրի՝ Հայաստանին զենք մատակարարելու փորձը կդիտարկի որպես «ոչ բարեկամական քայլ ու համապատասխան կարձագանքի»։ Ալիևը շարունակում է պահանջել լուծարել Արցախի պաշտպանական բանակը, պահանջում է միջանցք Սյունիքով, և ընդհանրապես, ադրբեջանական է հայտարարում Հայաստանի գրեթե կեսը, այդ թվում՝ Սևանա լիճն ու մայրաքաղաք Երևանը։ Ռազմական ու քաղաքական այս ագրեսիայի պայմաններում հայ իշխանավորները շարունակում են կարևորել խաղաղության պայմանագիր կնքելն ու հանուն շահավետ առևտրի՝ ճանապարհները դեպի ու Թուրքիա ու Ադրբեջան բացելը։
Մեր դասերը
Պատերազմից հետո մինչ օրս Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում քննարկում են՝ ինչու այսպես եղավ, ով է մեղավոր, ինչպես կանխել նոր պարտությունը, ինչպես վերադարձնել մեր կորսված հայրենիքը։ Ակնառու է, որ քննարկումներից ավելին չի արվում․ կազմվել է պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որ դեռ հարյուրավոր վկաների պիտի լսի, փաստաթղթեր ուսումնասիրի եզրահանգելու համար։ Իսկ մարտական ակտիվ գործողություններն իրենց սպասել չեն տալիս՝ փոքրացող պարբերությամբ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի սահմանագծերն է ոտնակոխ անում, շերտ առ շերտ զավթում մեր հայրենիքը։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է, բայց ոչ՝ մեղավոր, արագորեն դրվեց շրջանառության մեջ և դարձավ իշխող ուժի մերօրյա քաղաքական դիրքորոշման հիմքը։ Եթե մեղքն իր և իր թիմի վրա վերցնելու դեպքում իշխող կուսակցությունը կստանձներ որոշակի փոփոխությունների գնալ, իր սխալները շտկել և ռազմավարությունը փոխել, ապա փնտրելով մեղավորներ դրսում՝ սխալների շտկումը, բնականաբար, վերապատվիրակվեց այլոց՝ օգնության չհասած ՀԱՊԿ-ին, հրթիռներ ու ՀՕՊ համակարգեր չտված Ռուսաստանին, զենք ու վարձկաններով Ադրբեջանին օգնող Թուրքիային, բանակի հաշվին շքեղ տներ կառուցած նախկիններին, սահմանից հետ փախած կամավորներին ու այլոց։
Համալրվո՞ւմ է մեր կորցրած զինամթերքը, թե՞ ոչ, իրականում դժվար է պարզել․ օրեր առաջ իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ ունենք գումար զենք գնելու համար, սակայն այդ գնումը կատարել դեռ չի հաջողվել։ Հայտնի է, որ կամավոր-ինժեներների մեծ ու փոքր խմբեր փորձում են ստանալ այն սարքերի մոդելները, որ պատերազմում այդպես ահաբեկեցին մեր զորքը՝ իրենց դեմ միջոցներ չունենալու անզորությամբ։ Ռազմարդյունաբերությանը համակարգված մոտեցում, ռազմատեխնիկական միջոցները և այդ միջոցներին տիրապետող զորք ունենալուն ուղղված ջանքեր պետական մակարդակով նկատելի չեն․ անհիմն լավատեսորեն կարող ենք համարել, թե պետությունը հմտորեն քողարկում է իր գործը, միայն թե․․․․
Ամփոփենք, ամեն դեպքում վերելքի փաստարկմամբ․ այս պատերազմը մեր շատ հայրենակիցների ցույց տվեց, որ բավական չէ կռվելուն պատրաստ լինելը, անհրաժեշտ է ունենալ հմտություններ՝ թշնամու կենդանի ուժն ու տեխնիկան առավելագույնս խոցելու, անձամբ չվնասվելու և մարտական առաջադրանքը կատարելու։ Մարդիկ տեսան, որ շատերն են պատրաստ քաջաբար զոհվել, մինչդեռ անհրաժեշտ են մարտիկներ, որ պատրաստ կլինեն տևական ժամանակ կանգնել, կռվել ու հաղթել, որ կտիրապետեն տարբեր զինատեսակների, իսկ դրանցից մեկին՝ առավելագույնս լավ, որ կիմանան առաջին բուժօգնության հմտությունները և պատերազմի ժամանակ տեխնիկական միջոցներից օգտվելու կանոնները։
Եվ հիմա տասնյակ ու հարյուրավոր մարդիկ ռազմական դասերի են գնում ՝ ՈՄԱ, ԱՏԱՆ, «Սև արծիվներ», ՊՈԳԱ, «Ապագա զինվոր», «Մեծն Տիգրան» և այլ ռազմահայրենասիրական կազմակերպություններում՝ սովորելով մարտավարություն, քարտեզագրություն, հետքաբանություն, առաջին բուժօգնություն, կրակային գործ՝ պատրաստվելով չավարտված պատերազմում կռվելու իրենց հերթին։
«Ադրբեջանը պատրաստվում է հարձակման»,- վերջին օրերին հայտարարում են ՀՀ բարձրագույն պաշտոնյաները Հայաստանում և միջազգային տարբեր հարթակներում։ Ակնհայտ է, որ մենք էլ պիտի պատրաստվենք, ուժեղ լինենք։ Եթե կամենում ենք հաղթանակ, պիտի ուժեղ լինենք, ուժով մեր հաղթանակը նվաճելու համար։ Եթե դիվանագիտական հաղթանակ ենք ուզում, առավել ուժեղ լինենք, քանի որ դիվանագիտությունն այն զրոն է, որ դրվելով ուժի ցանկացած միավորի կողքին, տասնապատկում է այն։ Եվ եթե կամենում ենք խաղաղություն, պիտի այնքան ուժեղ լինենք, որ մեր վայրենի հարևանն այլևս չհանդգնի հարձակվել։