Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:24 21-09-2022

Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտինի ուղերձը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա տեսաուղերձը, որում նա հայտարարել է մասնակի զորահավաք, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք կողմերին երկխոսության և բանակցությունների միջոցով հրադադարի հասնելու, կողմերից յուրաքանչյուրի անվտանգության օրինական մտահոգությունները հաշվի առնող լուծումը հնարավորինս շուտ գտնելու կոչ ենք անում: Մենք նաև հուսով ենք, որ միջազգային համայնքը դրա համար հնարավորություն կստեղծի»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: