Ներքին 4 տարի առաջ - 18:34 26-07-2022

Հայաստանում ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։

Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:

Համբարձում Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

«Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։ Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Քննարկումները վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել