Ներքին 3 տարի առաջ - 10:50 25-07-2022

Շուրջ 2150 նոր գյուղտեխնիկա՝ արտադրողականության բարձրացման համար. ինչ արդյունք է տվել աջակցության ծրագիրը

Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, այսինքն` պետության սուբսիդավորմամբ, տնտեսավարողները ձեռք են բերել շուրջ 2150 բացառապես նոր գյուղտեխնիկա: Այս ծրագրի նպատակը գյուղոլորտի արտադրողականության բարձրացումը, ինտենսիվացումը և գյուղացիների ծախսի կրճատումն է:
«Արմենպրես»-ը աջակցության ծրագրի մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի և շահառուի հետ:
«Գյուղատնտեսության ոլորտում էապես կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկայի կազմի թարմացումը, ինտենսիվացումը: Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման և ինտենսիվացման գործում կարևորագույն տեղ ունի գյուղատնտեսական տեխնիկան: Այս առումով մեր տեխնիկան բավականին հին էր, խորհրդային տարիների տեխնիկան էինք օգտագործում, ու անհրաժեշտություն էր առաջացել մշակելու ծրագիր, որը կնպաստի տեխնիկայի պարկերի թարմացմանը, նորացմանը: 2017 թվականից սկսած՝ իրականացնում ենք Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը»,-ասել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:
Պետությունը սուբսիդավորում է տրամադրվող լիզինգի տոկոսադրույքը: Բանկերը տրամադրում են 14 տոկոս տոկոսադրույքով լիզինգ, որից 12 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի շահառուներին լիզինգը հասանելի լինի 2 տոկոսով: Լիզինգը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով՝ կախված առարկայի արժեքից, միջինը տրամադրվում է 6 տարի ժամկետով:
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: Վերջին բաղադրիչն ավելացվել է 2021 թվականին:
Ըստ Փանոսյանի՝ ծրագիրը բավականին լավ արդյունքներ է տալիս, մարդիկ տարեցտարի ձեռք են բերում նոր տեխնիկա, թիվն ավելանում է, այսպիսով գյուղտեխնիկան Հայաստանում թարմացվում է:
«Ծրագրի մեկնարկից մինչև հիմա շուրջ 2150 տեխնիկա է տրամադրվել՝ 10 մլրդ դրամի լիզինգի շրջանակում: Իսկ միայն այս տարվա 6 ամսվա դրությամբ՝ արդեն 1.4 մլրդի գյուտեխնիկայի լիզինգ է տրամադրվել»,-ասել է նա:
Ծրագրի շրջանակում 2017 թվականին տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, 2018-ին՝ 220, 2019-ին՝ 364, 2020-ին՝ 573, 2021-ին՝ 538, իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին՝ 294 գյուղտեխնիկա: «Ընդ որում, դիտարկված է, որ յուրաքանչյուր տարի 500 միավոր գյուղացիական տեխնիկա պետք է տրամադրվի տնտեսավարողներին: Այս առումով միայն 6 ամսվա ցուցանիշներով արդեն իսկ ձեռք է բերվել շուրջ 300 միավոր տեխնիկա, այսինքն՝ կեսից ավելին լիզինգի ծրագրով արդեն տրամադրվել է»,-նկատել է Փանոսյանը:
Հիմնականում գյուղացիները ձեռք են բերում տրակտորներ, կոմբայններ, կուլտիվատորներ, խոտհնձիչներ, սրսկիչներ, խոտքաղիչներ և այլն:
Փանոսյանը հավելեց, որ ծրագիրը արտադրողականության բարձրացումից բացի միտված է նաև ծախսերի, ռեսուրսների կրճատմանը, օդի մաքրմանը. հին տեխնիկան, օրինակ, ավելի շատ դիզվառելիք է օգտագործում, օդն ավելի շատ է աղտոտում: Այսինքն՝ ծրագիրն ունի և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ էկոլոգիական նշանակություն: Նա այն համոզմանն է, որ տնտեսավարողների արտադրողականության բարձրացմանը միտված այս ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, վարչության պետը հորդորում է գյուղացիներին օգտվել ծրագրից, թարմացնել իրենց տեխնիկան:
Ծրագրի շահառու է «Ագրո Յունիթ» ՓԲԸ-ն: Արարատի մարզի Ազատավան համայնքում ինտենսիվ այգիների համար, որոնցում աճեցվում է գիլաս, տանձ, 2019-2020 թվականներին ձեռք են բերվել մի շարք գյուղտեխնիկաներ:
«Ձեռք ենք բերել տրակտոր, սրսկիչ, խոտքաղիչ, կուլտիվատոր: Դրանք աշխատանքներին բավականին օգնել են: Եթե մեզ անհրաժեշտ ապրանքը պետք է ձեռք բերեինք X գնով, ապա պետության աջակցության, սուբսդիավորման դեպքում ձեռք ենք բերում X- գնով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցը եզրափակեց «Ագրո Յունիթ»-ի տնօրեն Վարդան Ղարիբյանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»