Թեև ապօրինի գույքի բռնագանձման օրենքով հարուցված քրեական գործերը քննվում են խիստ գաղտնիության պայմաններում, սակայն մամուլում պարբերաբար հայտնվում են այն անձանց անունները, որոնք անցնում են գործերով։ Նշենք, որ դատախազությունում հատուկ վարչություն է ստեղծվել, որը հայցեր է ներկայացնում դատարան այս կամ այն անձի գույքը, որն ապօրինի է համարում, բռնագանձելու պահանջով։
Առաջին դիմումը ներկայացվել է 2021 թվականի հոկտեմբերին։ Այդ գործով անցնող առաջին անձը ԱԱԾ սպա Սերոբ Հարությունյանն էր, որի անունը մամուլում հայտնվեց այն բանից հետո, երբ գրվեց Սուրեն Պապիկյանի դատվածության մասին։ Հարությունյանը կասկածվում էր տեղեկության արտահոսքը ապահովելու մեջ։ Հարությունյանը ԱԱԾ-ում զբաղեցնում էր հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետի պաշտոնը։ Հարությունյանը եղել է Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ, այնուհետև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ։
Հաջորդ գործը վերաբերում էր Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին»։ Մամուլը գրեց, որ «Վստրեչի Ապերին», նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Azdarar.am-ում նրանք հրապարակային ծանուցվել են, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, ուստի օգոստոսի 9-ին հրավիրվում են՝ «դիրքորոշում հայտնելու»։ Բանն այն է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման գործընթացն ի սկզբանե նախաձեռնվել էր կոռուպցիոն հանցագործությունների համար եւ նախկին պաշտոնյաների դեպքում, ովքեր եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, եւ այնտեղ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Այսինքն՝ պետությունից աշխատավարձ ստացող պաշտոնյան, որն իր աշխատավարձը բազմիցս գերազանցող գույք ունի, պարտավոր է ներկայացնել այդ գույքի ծագման աղբյուրը։
Մամուլում գրվեց նաև, որ դատախազությունը ուսումնասիրում է ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող գույքի օրինականության հարցը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ Դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
Գործով անցնողներից մյուսը կրկին նախկին պաշտոնյա է։ Մասնավորախես դատախազությունը դատարանից պահանջել էր ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից՝ «Բուլկի Արամից», նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ։ 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ։ Բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը։ 4․391․805․299 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին, դատախազությունը կանչել էր բացատրություններ տալու։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որում ասվում էր, թե ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով վատնման եղանակով հափշտակելով 624․000 եվրո: Յայլոյանն այս մասին ասել էր, որ դեռևս 2019 թ․-ից քրեական գործ էր հարուցվել յուրացման հատկանիշներով, սակայն 3 տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի յուրացում չի հիմնավորվել, և գործը դեռ գտնվում է քննչական մարմնում: Այնուհետև հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Յայլոյանի բռնագանձ ենթակա գույքը հետևյալն է՝ Երևանի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ, շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ, 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները, 29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար։ Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Օրեր առաջ մամուլը գրեց նաև, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը եւս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման՝ Տավուշի նախկին մարզպետի եւ նրա ընտանիքի անդամների գույքի վրա դատախազությունն արդեն կալանք է դրել։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց, որպեսզի մինչեւ դատարանի վերջնական վճիռը նա չկարողանա օտարել այն: Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին եւ այդ կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու։ Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է, դատախազությունը դեռ չի մանրամասնում։