Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 08-07-2022

Ադրբեջանի խաղաղության զառը հիմա էլ «Կոնդ» է բերել

Մենք խաղաղության օգտին ենք քվեարկել, մենք հանուն խաղաղության՝ վերընտրել ենք պարտված ու ջախջախված, վախվորած ու կուչ եկած իշխանությանը, որ արդեն մեկ անգամ մեր գլխին պատերազմ է բերել: Մենք հանուն խաղաղության՝ Արցախ զինվոր չենք ուղարկում, մեր բարձրաստիճան իշխանավորները, մասնավորապես՝ վարչապետը, Արցախ չեն գնում: Արցախից ավելի են վախենում, քան յոթ գլխանի դևից: Բայց ասենք, որ Արցախը ձեզ չի ուտի, ոչ էլ Ալիևը կուլ կտա, սրտապնդվե՛ք: Հանուն խաղաղության՝ չենք սպառազինվում, բանակը վեց ամիս էր՝ շտաբի պետ չուներ, իսկ այսուհետ ունենալու է ոչ իր բովանդակությանը համապատասխան:

Վերջապես հանուն խաղաղության չենք պատասխանում Ադրբեջանի սպառնալիքներին, կուլ ենք տալիս ամեն մի անլվա վիրավորանք: Գլուխներս կախ, հնազանդ մեր գործին ենք, կարծես մեզ հետ չեն: Ինչքան իջեցնում են, իջնում ենք այնքան, որ ոտքերն են մաքրում վրաներս աշխարհի աչքի առաջ: Այդ ամենի հետ հաշտվում ենք, թույլ ենք տալիս՝ հանուն խաղաղության:
Այդուհանդերձ, երեկ կեսօրին Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով փամփուշտը ծակել և անցել է քաղաքացիական ավտոմեքենան ու խրվել խանութի պատի մեջ։ Բարեբախտաբար, այդ պահին ուղևորները խանութում են եղել: Կրակել են խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ուղղակի գյուղի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին: Իսկ հուլիսի 4-ին կրակ էին բացել Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված մեր դիրքերի և գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել էր համայնքի ղեկավարի մեքենան։

Փորձե՞նք օրերի միջով ետ գնալ: Հաշվե՞նք, թե զինադադարից հետո քանի պատերազմական օր ենք ունեցել: Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Ադրբեջանը օրը մի տարածք է ուզում խոսքով և կրակոցով: Մարդիկ զառ են խաղում, գցածը ինչ բերեց, էն էլ ուզում են: Հիմա էլ զառը «Կոնդ» է բերել: Դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե հայերը Կոնդում ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները, ջնջել պատմությունը, թե պատժեք բարբարոս հայերին: Իսկ մենք լուռ ենք, համաձայն ենք: Ձայն չհանենք հանկարծ․․․ դրանից էն կողմ էլ ի՞նչ հանկարծ: Պատրա՞ստ ենք Սյունիքը, Սևանը, Երևանը, Կոնդն ու Օպերայի շենքն էլ տալ, միայն թե խաղաղություն լինի: Բայց այդ դեպքում ում և ինչի համար է խաղաղություն լինելու:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան