Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:59 17-06-2022

Ինչո՞ւ է կրկին լկտիացել չբարեկամը

Ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ զինված ուժերը մեծ քանակությամբ զինամթերք են սպառում։ Ըստ ոչ պաշտոնական գնահատականների՝ արդեն սպառվել է ՌԴ սպառազինության 30 տոկոսը։ Սա մեզ վերաբերում է այնքանով, որ ՀՀ-ն միայն ՌԴ-ից է սպառազինություն ձեռք բերում։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ի գնած զենքերի մի մասը երկար ժամանակ մնում է ռուսական զինապահեստներում, ապա չի բացառվում, որ ռուսական բանակն օգտագործել է նաև մեզ տրվելիք զենքերը։ Հարց է ծագում. արդյո՞ք ՀՀ-ն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կվերանայի սպառազինության աղբյուրների վերաբերյալ հայ-ռուսական չգրված պայմանավորվածությունը։

Եթե ՀՀ-ն հավատարիմ մնա ՌԴ-ի հետ պայմանավորվածությանը, ապա իշխանությունը ստիպված պիտի հետաձգի բանակի սպառազինության համալրման միջոցառումները մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտը։ Իսկ եթե բանակն արդիականացնելու խնդիր ունենք, ապա ակնհայտ է, որ այն չենք կարող լուծել ՌԴ-ի հետ գործակցելու արդյունքում։ Հետևաբար պետք է վերանայենք ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը, զինամթերք ձեռք բերենք այլ երկրներից և համալրենք ՀՀ բանակի սպառազինությունը։ Այսպես հնարավոր կլինի զսպել չբարեկամների լկտիությունը, որը սրվել է 44-օրյա պատերազմից հետո։

Անվիճելի է, որ անբավարար սպառազինված բանակը կդժվարանա զսպել չբարեկամների ոտնձգությունները կամ ոտնձգության մտադրությունները պետության և ազգային իրավունքների նկատմամբ։ Թերևս այս իրավիճակը հաշվի առնելով՝ Ադրբեջանի նախագահը կրկին լկտիացել է։ Նա սպառնում է նոր պատերազմով, եթե ՀՀ իշխանությունը միջանցք չտրամադրի և բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը։ Բաքուն հավանաբար վստահ է, որ ՀՀ-ն մտադիր չի վերանայել ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը և չի փորձի այլ երկրներից սպառազինություն ձեռք բերել։ Այս վստահության համար հիմք է այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դեռ գտնվում է բանտում և մեղադրվում է 44-օրյա պատերազմի թեժ օրերին ոչ ռուսական զինամթերք գնելու մեջ։

Կարճ ասած՝ ՀՀ պաշտպանությունը հայտնվել է տխուր իրավիճակում։ Ակնկալիք կա, որ ազգային շահերով առաջնորդվող զինվորականներն առաջիկայում կբարձրացնեն բանակի սպառազինության համալրման խնդիրը, կպահանջեն ազատ արձակել իրենց զինակցին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, կպահանջեն վերանայել հայ-ռուսական պայմանավորվածությունները և սպառազինությունը ձեռք բերել նաև այլ երկրներից։ Եթե այսպիսի քայլեր արվեն, ապա կարող ենք ասել, որ բանակի արդիականացման խնդիր գոյություն ունի, և կան պատիվ ունեցող զինվորականներ, որոնք չեն հաշտվել պարտության և կորուստների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող