Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:53 12-12-2024

Ինչո՞ւ են ազատվել և հիմա ինչո՞վ են զբաղվում Շիրակի պաշտոնաթող մարզպետները

2018 թվականից ի վեր Շիրակի մարզում 6 մարզպետ է փոխվել․

2018-2019 թթ. Կարեն Սարուխանյան
2019-2021թթ. Տիգրան Պետրոսյան
2021թ. հունվարից-2021թ. նոյեմբեր Հովհաննես Հարությունյան
2021-2023թթ. Նազելի Բաղդասարյան
2023-2024 թթ. Մուշեղ Մուրադյան

Հեղափոխությունից հետո Շիրակի մարզում նշանակված մարզպետներից ամենաերկարը կառավարել են Տիգրան Պետրոսյանն ու Նազելի Բաղդասարյանը (2 տարի):

Ամեն մարզպետ եկել է իր թիմով և հեռացել իր թիմակիցներով։

2018-2019 թթ. ղեկավարած Կարեն Սարուխանյանը իր հետ մարզպետարանում աշխատանքի տեղավորեց Էմմա Պալյանին։ Պալյանը Սարուխանյանի մարզպետ եղած տարիներին զբաղեցնում էր Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնը։ Այդ ժամանակ Սարուխանյանի խորհրդականը Նազելի Բաղդասարյանն էր։ 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին Սարուխանյանն ու Բաղդասարյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր առաջադրվեցին. Շիրակից ընտրված պատգամավորներ էին։ Սարուխանյանը գործուղվեց Ազգային ժողով՝ Նազելի Բաղդասարյանի հետ միասին։ Սարուխանյանը Էմմա Պալյանին անգործ չթողեց, ԱԺ-ում Էմմա Պալյանը Սարուխանյանի օգնական աշխատեց։ Այնուհետև Սարուխանյանը 2021 թվականին կարճ ժամանակով նշանակվեց ԱԻՆ փոխնախարար, այժմ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է, Գյումրիի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ։ 2021 թվականի մարտից արդեն Էմմա Պալյանը ևս պատգամավոր էր աշխատում։

2019-2021 թթ. Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը, ով մինչև հեղափոխությունը ՀԿ-ում էր աշխատում։ Պետրոսյանն էլ իր թիմին բերեց մարզպետարան։ Պետրոսյանի օգնականը Անի Մաղաքյանն էր, խորհրդականը Տիգրան Մինասյանը, ով Գյումրիում ճանաչված հաշվապահ է և դասավանդում է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում։

Տիգրան Պետրոսյանի կադրերն էլ իր հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում գրեցին։ Պետրոսյանը այս պահին զբաղված է հասարակական գործունեությամբ։ Թիմակիցներն էլ իրենց նախկին գործով են զբաղված։

Շիրակի մարզի ամենակարճ ժամանակահատվածում կառավարած մարզպետը Հովհաննես Հարությունյանն է, ով մասնագիտությամբ բժիշկ է։

Հովհաննես Հարությունյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Նազելի Բաղդասարյանի հետ և Հարությունյանի թիմի մարդիկ Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ էին նշանակվում պաշտոնների։ Հարությունյանի օգնականը Նազելի Բաղդասարյանի ընկերուհին էր՝ Լիլիթ Մուրադյանը, ում պաշտոնը փոփոխվող մարզպետների ֆոնին բարձրացավ։ Հովհաննես Հարությունյանը 2021թ. նոյեմբերին գործուղվեց գործադիր, ՏԿԵ փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում։

Հարությունյանը խորհրդականին` Լևոն Անանյանին, իր հետ տարավ գործադիր։ Անանյանը էկոնոմիկայի նախարարությունում է աշխատում, իսկ օգնականը շարունակեց աշխատանքը մարզպետարանում, որովհետեւ Հովհաննես Հարությունյանը էստաֆետան փոխանցել էր Նազելի Բաղդասարյանին, ով Լիլիթ Մուրադյանի մտերիմ ընկերուհին է։

2021-2023թթ. Շիրակի մարզը ղեկավարած Նազելի Բաղդասարյանը շատ շռայլ էր իր մտերիմների հանդեպ։ 2022 թվականի հունվարին իր ընկերներից Արթուր Նաջարյանին նշանակեց Շիրակի մարզպետի խորհրդական։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ապրիլի 29-ին որոշում է ստորագրել, որով Լիլիթ Մուրադյանը մայիսի 2-ից նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում։ Նույն թվականի փետրվարին էլ Քնարիկ Հարությունյանին նշանակեց Շիրակի մարզպետի խորհրդական։ Օգնական ընկերուհուն՝ Լիլիթ Մուրադյանին, նշանակեց խորհրդական, իսկ մյուս
ընկերուհուն` Երանուհի Ավետիսյանին, նշանակեց Շիրակի մարզպետի օգնական։

Նազելի Բաղդասարյանը վարչապետի օգնականն էր, հետո արդեն վարչապետի մամուլի քարտուղարը։

Բաղդասարյանի թիմակիցները անգործ չմնացին։ Արթուր Նաջարյանը դասախոսում է բուհերում, զբաղվում հասարակական գործունեությամբ։ Լիլիթ Մուրադյանը իր խորհրդականի պաշտոնին մնաց, իսկ Քնարիկ Հարությունյանն էլ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն էր։

Նազելի Բաղդասարյանին հաջորդած Մուշեղ Մուրադյանը այն մարզպետերից է եղել, ով ընտրողական վերաբերմունք ուներ լրագրողների նկատմամբ։ Մուշեղ Մուրադյանը թիմակիցներին ընտրում էր «գիտեցած մարդ լինի» սկզբունքով։ Շիրակի մարզպետի աշխատակազմում հիմնականում այն կադրերն էին, ովքեր ուղղակի կերպով առնչություն ունեին իր և իր ղեկավարած Արփի լիճ ազգային պարկի հետ։

Մուշեղ Մուրադյանի հետագա գործունեությունը անհայտ է, բայց նրա թիմակիցներից շատերը իր հետ միասին ներկայացրել են ազատման դիմումներ։

Նշենք նաև, որ Շիրակի մարզի հաջորդ մարզպետը, ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանն է լինելու։