Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:12 28-05-2022

Երկրապահները հավատում են, որ հաղթանակները դեռ առջևում են

Երկրապահ կամավորականների միությանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ.
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, մեր ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Տեղի ունեցավ առաջին խորհրդարանական ընտրությունը, ստեղծվեց թղթադրամը, մենք ունեցանք պետական օրհներգ, զինանշան, դրոշ:
Մենք կարողացանք մեր համազգային միասնության ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու մեր դարավոր երազանքը:

Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, սակայն այն մեծ ազդեցություն ունեցավ ցեղասպանությունից վերհառնող մեր ժողովրդի համար իր բնօրրանում վերակերտելու Պետականությունը: Կրկնում ենք եւս մեկ անգամ, մենք պարտավոր ենք մշտապես ուսումնասիրել մեր անցած պատմությունը, դասեր քաղել սխալներից: Պետք է ի գիտություն ընդունենք, որ մեր նվաճումները միասնության ու կայունության արդյունքն են:

Դասեր քաղելով պատմության էջերից մենք 80-ականների վերջին կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ համախմբվել եւ կերտել մեր պատմության հերթական փառահեղ էջը ՝ Արցախյան Ազատամարտը:
Փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված քաջերին:

Մենք հաղթահարել ու այսօր էլ հաղթահարում ենք բազում դժվարություններ, եւ շարունակում ենք արարել: Մենք պարտավոր ենք զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը: Երկրապահը որպես միասնության խորհրդանիշ, ամուր ընտանիք է՝ պատրաստ ծառայելու հայրենիքին: Երկրապահ կամավորականները հավատարիմ իրենց սուրբ գործին միասնական կանգնած են մեր պետության սահմաններում: Երկրապահները չեն հուսահատվել, չեն ընկճվել: Երկրապահները հավատում են, որ հաղթանակները դեռ առջևում են։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար մեզ միայն համազգային համախմբվածություն է անհրաժեշտ:

Ինչպես ասել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։ Խաղաղություն եւ բարգավաճում մեր հայրենիքին, ուժ եւ հզորություն մեր բանակին։
Աստված պահապան:
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք Բանակին, Երկրապահին, ազատամարտիկներին,
Փա՛ռք հայ զինվորին,
Փա՛ռք հայ ժողովրդին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները