Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 16:00 21-10-2026

Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընդդիմությունն ահազանգում է իրենց հանդեպ քաղաքական ճնշումների մասին։ Դրանց արձագանքում են ոչ թե իրավապահները կամ նրանք, ում հասցեագրված են մեղադրանքները, այլ Նիկոլ Փաշինյանը։ Նա է պատասխանում, հակադարձում, փաստեր պահանջում, խոստանում պատժել օրինախախտ պաշտոնյաներին և այլն։ Ավելին՝ հոկտեմբերի 20-ին նա քաղաքացիներին կոչ է արել բողոքի ցույցեր անել։

«Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ»,- գրել է վարչապետը։

Ինչո՞ւ է այսպիսի վտանգավոր կոչ անում վարչապետը։

Հայտնի է, որ բողոքի ցույցերը երբեմն անկանխատեսելիորեն դառնում են բազմամարդ, այնուհետև վերածվում զանգվածային անկարգությունների, ինչից տուժում են պետությունը, ժողովուրդը, հատկապես՝ անկարգությունների թիրախում հայտնված օբյեկտների տերերը։ Եվրոպայում այս օրերին իսկական քաոս է, որն սկսվել է փոքր ցույցերից։ Եթե ՀՀ-ում ևս այդպիսի անկարգություններ լինեն, ապա ո՞վ է պատասխան տալու, արդյո՞ք Փաշինյանը, որ այսօր կոչ է անում ցույցեր անել։

Խորհրդային բռնազավթման տարիներին հիմնարկներում, այդ թվում՝ խանութներում բողոքի գիրք կար, ով ինչ-որ բանից դժգոհ էր՝ տալիս էին ձեռքն, ասում՝ գրի։ Այդ գիրքը ոչ ոք չէր կարդում։ Բայց մարդիկ գրում էին այնտեղ իրենց բողոքները և համարում, որ պայքարել են խախտումների, խտրականության, ճնշումների և ապօրինությունների և խայտառակությունների դեմ։

Ներկայումս հանրության բողոքի ցույցերը չեն ազդում քաղաքական որոշումների վրա։ Փաշինյանի օրոք ե՞րբ են ցույցի մասնակիցների պահանջները բավարարվել։ Մարդիկ փողոցում գոռացել-գոռացել են, պահանջներ ներկայացրել և ձեռնունայն տուն գնացել։ Օրեր առաջ Աջափնյակում մարդիկ կրպակների օրինականության փաստաթղթերը ձեռքներին բողոքի ցույց էին անում՝ բանի տեղ դնող եղա՞վ։ Հիմա երկրի ղեկավարը բարձրացրած խնդիրներին համակարգային լուծումներ տալու փոխարեն կոչ է անում քաղաքացիներին փողոց ելնել, գոռալ-գոռալ ու ձեռնունայն գնալ տո՞ւն։ Դեռ լավ է, որ չի ասում՝ բողոքի գրքում գրեք ու հանգիստ գնացեք տուն։

Փաշինյանի այս կոչը պարունակում է ակնարկ, որ պետական հաստատությունները չեն գործում, անգործության են մատնված, քաղաքացիների ահազանգերով զբաղվող չկա, որ լսի, պատասխանի քաղաքացու հարցին, պաշտպանի օրենքն ու իրավունքը։ Այս առումով՝ Փաշինյանի կոչն էությամբ անարխիստական է։ Այդպիսի կոչ կարող էին անել Հուլյայպոլեի անարխիստական հանրապետության ղեկավար Նեստոր Մախնոն կամ անարխիզմի հայր Մաքս Շտիռները։

Իսկ ի՞նչ են անում իշխանությունները բողոքի ցույցերից հետո, որ առանց ցույցերի չեն անում։ Սովորաբար՝ պատկան մարմինները ցուցարարների կատաղությունից կսթափվեն, միջգերատեսչական հանձնաժողով են ստեղծում, քննում ցուցարարների բարձրացրած հարցերն ու լուծումներ տալիս։ Մի՞թե կառավարման համակարգում իրավիճակն այդքան վատ է, որ առանց բողոքի ցույցերի կամ վարչապետի ուղիղ հրահանգի՝ հնարավոր չէ քաղաքացիների բարձրացրած հարցերը կարգավորել, պաշտպանել օրենքներն ու իրավունքները։

Ի վերջո՝ ի՞նչ պահանջներ են ներկայացնում ցույց անող քաղաքացիները, որոնց ընտրական իրավունքները խախտվել են կամ խոչընդոտվել։ Գուցե առաջին օրը նրանք կխոսեն խախտվող կամ խոչընդոտվող իրավունքների մասին, սակայն ցույցերի 2-րդ օրը ցուցարարները վարչապետի, կառավարության կամ պատասխանատու մարմնի հրաժարականն են պահանջելու։ Տվյալ պարագայում՝ եթե ցուցարարները պահանջեն Փաշինյանի հրաժարականը, նա հրաժարական է տալո՞ւ։ Եթե չի տալու, ապա ինչո՞ւ է քաղաքացիներին ցույցի դուրս գալու կոչ անում։ Իսկ եթե, իսկապես, հրաժարական տալու մտադրություն ունի, ապա կարող է պարզաբանել, թե ինչո՞ւ է հիմա ուզում թողնել աթոռը, ո՞վ է ճնշում նրան։

Կարճ ասած՝ բողոքի ցույցեր անելու կոչը անպատասխանատվության դրսևորում է։ Լավատեսորեն ենթադրելի է, որ հանրությունը չի հետևի այս կոչին, ցույցեր չի կազմակերպի, չի խախտի հասարակական կարգն ու անկարգություններ չի անի։ Իսկ պատկան մարմիններն էլ համարժեք կարձագանքեն քաղաքացիների հարցերին՝ առանց սպասելու Փաշինյանի հրահանգին։ Այսպիսով՝ աշխարհին ցույց կտանք, որ Հայաստանը անկախ, ժողովրդավարական պետություն է, որտեղ պաշտոնյան և իշխանության կուսակցության համակիրները սրբորեն հարգում են օրենքն ու քաղաքացու իրավունքները, չեն ճնշում մրցակիցներին։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց