Ներքին 4 տարի առաջ - 11:48 28-05-2022

Բրյուսելյան վերջին հանդիպումները լրջագույն ահազանգ են հայ հասարակության համար․«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնություն

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․

«Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում:

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն, որ կվտանգեն Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը։ Փաստ, որը ամրագրված է 1988 թվականից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումներով՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով միջազգային դիտորդների մասնակցությամբ դե ֆակտո անկախ ու լեգիտիմ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի, ապա՝ Արցախի Հանրապետության ձևավորմամբ:

Իշխանությունների նպատակադրումը՝ բավարարվել Արցախի հայ բնակչության սոսկ անվտանգության երաշխիքներով, կործանարար է՝ ելնելով Նախիջևանի ԻՀ և Ադրբեջանի այլ շրջանների հայ բնակչության էթնիկ զտումների ցեղասպան գործողությունների և հայոց մշակույթի հետևողական ոչնչացման իրողություններից։

Ն․Փաշինյանի բոլոր մեկնաբաննություններն անցյալում տեղի ունեցած բանակցային գործընթացի մասին խեղաթյուրված են, քանի որ իշխանության գալով ՝ մեծամտաբար դրանք առ ոչինչ համարեց՝ խոստանալով իր «սեփական» զրո կետից սկսել Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Իր վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան օգտվեցին և ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի և Արցախի դեմ։ Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, գերեվարված, պատանդառված և անհայտ կորած հայրենակիցներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու կողմից նսեմացած պետության ղեկավար։

Առավել քան զարմանալի է, որ հայկական դիվանագիտությունը մոռացության է տվել իր իսկ կողմից պաշտոնապես ձևակերպած Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության սկզբունքներն ու գերակայությունները։

Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ունենալ, երբ գերությունից վերադարձած կլինեն մեր հայրենակիցները, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կգան հակառակորդի ստորաբաժանումները և օրակարգի՝ որպես առաջնային խնդիր կհամարվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։

Առավել ևս անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, և, հատկապես, բանավոր բնույթի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արցախի խնդրի կարգավորումը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերով և սկզբունքներով և ոչ թե պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անձնական պատկերացումներով և հայեցողությամբ, ուժային ճնշմամբ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը համոզված է, որ քանի դեռ ձեռքբերված չեն հայկական կողմի համար հստակ և ընդունելի պայմանավորվածություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեությունը:

Հիշեցնում և զգուշացնում ենք Ն․Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու ժողովրդին մոլորեցնող կարգախոսի ներքո ցանկացած զիջողական որոշում, որով կխախտվեն մեր պետության շահերը և համայն հայության օրինական պահանջները, պատժվելու են ՀՀ Սահմանադրության, նրա անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի սկզբունքներից և հոդվածներից բխող օրենքների համաձայն։
Եվ այդ օրը հեռու չէ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներ՝
Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ
Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ
Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա
Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան
Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր
Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր
Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ
Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ
Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան
Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ
Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ
Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ
Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ
Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ
Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ
Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր
Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ
Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ
Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ
Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
Ժասմինա Թելյան – «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ
Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ
Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ
Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ
Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ
Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ
Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ
Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր»

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել