Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական- քաղաքական գործիչ, "Համախմբում" շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։
Նշենք, որ 2 օր առաջ ոստիկանությունը նրան իր բնակարանից առավանգել էր, նախքան այդ տունը խուզարկել էին։ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ տեղիի է ունենում մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Մենուա Սողոմոնյանը և Ավետիք Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը, կներկայացնեն մանրամասները, և կմեկնաբանեն դատարանի որոշումը։
Ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Ճիշտն ասած, ես շատ զարմացած եմ, որ այս ասուլիսին չեն մասնակցում Ագրարային համալսարանի 2000 ուսանողները՝ պարոն Թոռնիկի գլխավորությամբ։ Եթե Նիկոլը և իր Թոռնիկը ճիշտ լինեին, և այս շինծու քրեական գործը իրական լիներ, գոնե այսօր՝ այս պահին, պետք է այստեղ լինեին 2000 ուսանողներ, որոնք 12 ձվից կազմված հավկիթի տուփի գնով պետք է մասնակցեին հանրային միջոցառումների։
Ես ուզում եմ իմանալ՝ Ագրարային համալսարանի պատմության մեջ, երբևէ եղել է մի իրադարձություն, մի միջոցառում, որին մասնակցի Ագրարային համալսարանի 2000 ուսանող։ Ասենք՝ իրենց համալսարանի ամենամեծ հոբելյանը կամ իրադարձությունը, որին մասնակցի 2000 ուսանող այդ համալսարանից։ Եթե դա չի եղել, էլ ուրիշ ի՞նչ միջոցառման իրենք պետք է մասնակցեին 2000 հոգով՝ այն էլ 1000 դրամով։
Մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել՝ Չալաբյանի գործը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի։ Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրին ցանկացած պահի կարող են ձերբակալել։
Խոսակցությունում, որը ես լսել եմ, ասվում է՝ դուք՝ որպես երիտասարդներ, չեք ուզում գաղափարապես նվիրվել այդ պայքարին, նա ասում է՝ ոչ, մենք դա կանենք, եթե դուք մեզ տաք 1000 դրամ։ Այսինքն՝ եթե այստեղ հանցագործություն գոյություն ունի, ուրեմն այն կատարել է պարոն Թոռնիկը, որովհետը ինքն է նախաձեռնել, ինքն է առաջարկել, բայց դա չի կայանում։ Թող գա այդ Թոռնիկը, ասի՝ իրեն որևէ մեկը փող տվե՞լ է, թե՞ չէ»,- ասաց Էդգար Ղազարյանը։