Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնել է Bild-ի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհայմերը։ Նրա խոսքով, զրույցի շրջանակում ղեկավարները պայմանավորվել են համագործակցության շուրջ։
«Կողմերը պայմանավորվել են հետևում թողնել անցյալը՝ ապագա համագործակցության վրա կենտրոնանալու համար»,- գրել է լրագրողը Թվիթերում՝ հավելելով, որ Bild-ին այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Զելենսկին և Շտայնմայերն առաջին անգամ զրուցել են ապրիլյան սկանդալից հետո, որը հրահրվել էր Կիևի՝ Գերմանիայի նախագահին ընդունելուց հրաժարվելու պատճառով։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել Գերմանիայի առաջնորդին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Գերմանիայի ոչ բավական կոշտ դիրքորոշման պատճառով։
Այնուամենայնիվ, գերմանական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ նման որոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ Շտայնմայերին Կիևում համարում են մասամբ «ռուսամետ» քաղաքական գործիչ՝ չնայած Ուկրաինային սատարելուն։
Գերմանիայի նախագահին ընդունելուց հրաժարվելը Բեռլինում բավական բացասաբար է ընկալվել։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի պատրաստվում նման պայմաններում մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք։