Վլադիմիր Պուտինը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի նկատմամբ և փոխարենը, կարծես, մտադիր է հնարավորինս շատ ուկրաինական տարածքներ գրավել, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի ծրագրերին իրազեկ երեք անձանց:
Ըստ նրանց, Պուտինը, որը լրջորեն դիտարկում էր Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը, մարտին պարտություն կրելուց հետո հակամարտությունը դադարեցնելու գործում ներգրավված անձանց ասել է, որ կարգավորման հեռանկարներ չի տեսնում:
«Պուտինն իսկապես հավատում է այն հիմարությանը, որը լսում է (ռուսական) հեռուստատեսությամբ և ցանկանում է խոշոր հաղթանակի հասնել»,- ասում է բանակցությունների ընթացքին իրազեկ անձը:
Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագրի առաջին նախագիծը համաձայնեցրել են մարտի վերջին, Ստամբուլում կայացած հանդիպմանը, սակայն բանակցությունները փակուղի մտան այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրեց Բուչայում և Մարիուպոլում խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Պուտինին զայրացել է նաև Ուկրաինայի հասցրած հարվածի հետևանքով «Մոսկվա» հածանավի խորտակման փաստը, FT-ին հայտնել են երկու աղբյուրներ:
Ըստ նրանց, Վլադիմիր Պուտինն «ամեն կերպ խուսափում է» Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հանդիպումից. «Նա ցանկանում է, որ ամեն ինչ որոշվի նախքան այդ հանդիպումը»։