Միտք 4 տարի առաջ - 09:58 08-04-2022

Ժողովուրդը էն ժամանակ մանդատ տվել է, հիմա՛ չի տալիս

Ցանկացած երկիր ու ժողովուրդ, երբ իր ղեկավարին ճամփում է դուրս՝ արտաքին աշխարհ, բանակցություններ վարելու կամ պայմանավորվածություններ ձեռք բերելու, վստահ է, որ պաշտպանելու է իր պետության և պետականության, ազգային շահերը՝ օգուտի առավելագույնը բերելով երկին: Մենք մեր վարչապետին դուրս ճամփելիս՝ բանակցելու կամ պայմանավորվելու, ավելի քան համոզված ենք, որ գործելու է ի վնաս Հայաստանի, ոտնատակ գցելով պետությունն ու պետականությունը, ուղղակի թքելով ազգային շահի վրա՝ որպես փիս կամ յախկ բանի: Սպասում ենք, թե էլ ի՞նչ փորձանք ու աղետ է բերելու երկրի գլին, ի՞նչն է ավերելու ու կործանելու, էլ ինչի՞ց է հրաժարվելու և տալու՝ ասելով, թե էս էլ, էն էլ, էն մեկն էլ հարևան թշնամունն է: Մենք գիտենք, որ բանակցում և պայմանավորվում է հակառակ կողմը, իսկ մենք լուռ ու մունջ, հլու-հնազանդ կատարողն ենք: Չկա՛ երկու կողմ, կա՛ մեկ կողմ՝ մեր հակառակորդը, և փորձում ենք ենթադրել, թե այս անգամ ոչ թե ինչ է ուզելու, այլ ինչ է ստանալու:

Սա է Հայաստանի ղեկավարը, եթե կարելի է համարել ղեկավար, սա է մեր բանակցողը, եթե կարելի է համարել բանակցող, սա է մեր շահը ոչ թե պաշտպանող կամ չպաշտպանողը, այլ հակառակ կողմի շահը հողի վրա առարկայական դարձնողը: Եվ Բրյուսելից հետո պայծառ հայացքով հայտարարում է, որ Ադրբեջանը տարածքներ ունի Հայաստանում, պիտի տանք, և այնպիսի անհոգությամբ, որ կարծես հայ ժողովուրդը հասավ իր մուրազին: Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք: Արցախը հանձնել, ձեռքերը լվացել, հարցը փակել է: Իսկ հիմա Հայաստանի հանձնելու հերթն է: Մաս-մաս, պատառ-պատառ, դիլիմ-դիլիմ հանձնելու: Արդեն կտոր առ կտոր հանձնել ենք՝ վարչապետի բերանով դրանց թուրքական անուններ տալով: Հիմա պատրաստ լինենք նոր տարածքներ հանձնելու: Իսկ այդ մաս-մաս տալը երբեք վերջ չի ունենալու, մինչև որ չամբողջանա: Թուրքն անվերջ ուզելու է, իսկ մենք անվերջ տալու ենք, մինչև որ իսկապես հասնենք վերջին, գուցե՝ խաղա՞ղ վերջին:

Որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, որևէ կերպ չարդարացվող ու չպատճառաբանվող այդ անշունչ ու անհոգի սցենարն է իրականացնում վարչապետը՝ չգիտեմ ում ձեռքով գրված: Բայց այդ մարդն ունի ալիբի, դարձյալ չգիտեմ, թե որքանով է արդարացի, և ամեն առիթով շրփացնում կամ երեսներիս է շպրտում, թե ժողովուրդին իրեն մանդատ է տվել՝ որպեսզի խաղաղություն հաստատի, ինքն էլ այսպես է հաստատում: Հաստատման միջոցները՝ երկիր հանձնելը տեսնում ենք, բայց հաստատումը չենք տեսնում: Արդյո՞ք ժողովուրդը հենց դրա համար է մանդատ տվել: Էն ժամանակ տվել է, հիմա՛ չի տալիս:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է