Oragir.news-ի զրուցակիցը Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։ Թեև նա այս պահին գտնվում է Հայաստանում, սակայն նշեց, որ Արցախում իրավիճակը էական փոփոխություններ չի կրել:
«Ես անընդհատ կապի մեջ եմ, և որևէ բան, որ հիմա կարող եմ ասել, որևէ փոփոխություն՝ դրական կամ բացասական, այս պահի դրությամբ չկա։ Իրավիճակը այս պահին շարունակում է մնալ լարված՝ ոչ միայն այդ ուղղությամբ, այլև ընդհանուր։ Ընդհանուր առմամբ լարված իրավիճակ է, և անհասկանալի է՝ դա պատերազմակա՞ն իրավիճակ է, ինչ-որ սպասողակա՞ն իրավիճակ է, որովհետև, ցավալի է, բայց փաստ, իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այսինքն՝ պահանջում են հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը շատ դեպքերում ինքն իրեն հակասում է։ Օրինակ՝ լինում է, որ տալիս են պաշտոնական տեղեկատվություն, սակայն մեկ այլ պետական մարմին հերքում է այդ տեղեկատվությունը։ Ստացվում է այնպես, որ նույնիսկ այդ կեղծիքներն ու մոլորությունները տարածելուց առաջ չեն համաձայնեցնում միմյանց հետ, և ստացվում է, որ թիրախում նորից ժողովուրդն է, բայց հիմա, երբ Արցախը շատ ավելի փոքրիկ է, քան կար, բնականաբար, մարդիկ իրենց աչքով տեսնում են, ու երբ իրենց աչքով տեսածը շատ արագ փոխանցում են իրենց ընկերներին, ծանոթներին, բարեկամ- հարազատներին, այդ նույն մարդն իր աչքով տեսածը համեմատում է պաշտոնական լրահոսի հետ, և հենց դրանից առաջանում է խուճապը։ Այն խուճապը, որն այսօր նույն իշխանությունները հորդորում են ընդդիմադիրներին կամ քաղաքացիներին չտարածել։ Հենց դրանով իրենք արդեն խուճապ են տարածում, երբ մարդ կարդում է մի բան, բայց իր աչքով տեսնում է մեկ այլ բան։ Այդ առումով իրավիճակը իրոք տարօրինակ է, շատ ավելի տարօրինակ, քան 44 օրերի ընթացքում։ Մարդիկ, տեսնելով իրականությունն ու կարդալով պաշտոնականը, արդեն չեն հասկանում, թե իրենց ինչ է սպասվում, և դրանից է, որ Արցախն այսօր ոչ միայն խուճապի, այլև քաոսի մեջ է։ Ընդհանուր առմամբ մենք որևէ փոփոխություն չունենք, քան այն, որ ինտենսիվ կրակոցներ չկան, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ որևէ կերպ չի փոխվել»,- ասաց պատգամավորը։
- Արդյոք Արցախի և Հայաստանի իշխանությունների վարքագիծը համարժե՞ք է իրավիճակին։ Հայաստանի իշխանություններն, օրինակ, մի կողմից՝ արձանագրում են, որ Ադրբեջանը Արցախը հայաթափելու նպատակ ունի, մյուս կողմից էլ՝ խաղաղության պայմանագիր են ուզում ստորագրել Ադրբեջանի հետ։- Ես մնում եմ իմ այն նույն կարծիքին, որ իրենք ստեղծում են աշխատելու իմիտացիա՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Այն սցենարը, որի շուրջ մենք բավականին երկար ժամանակ խոսել ենք, այդ սցենարի վերջին պարբերություններն են մնացել, որոնք ուզում են իրականացնել ՀՀ իշխանությունները։ Իրենք աշխատում են 2 դաշտի համար. երբ խոսում ու դատապարտում են Արցախում ստեղծված իրավիճակը, դա անում են ներքին լսարանի համար, իսկ մնացածը, որ պիտի խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա անում են արդեն թշնամու համար, որ անկախ ամեն ինչից՝ իրենք պատրաստ են դրան։ Ուզում են ցույց տալ նաև, որ միակ ելքը խաղաղության պայմանագրի կնքումն է։ Հասկանալի է, որ դա անում են Արցախի գնով, այսինքն՝ զոհասեղանին դրել են Արցախը, համաձայնել են թշնամի կողմի բոլոր գործողությունների հետ, և իրենք վերջնարդյունքը տեսնում են՝ ազատվելով Արցախից հասնել ստրուկի կարգավիճակին, որովհետև այդ խաղաղության պայմանագրի վերջնարդյունքը հենց լինելու է Հայաստանի ստրկացումը, այլ տարբերակ այստեղ չկա։ Ի՞նչ են անում Արցախի իշխանությունները. նրանք ամեն կերպ ցույց են տալիս իրենց հավատարմությունը Հայաստանի իշխանությանը, բայց մյուս կողմից էլ՝ իրենք շատ լավ գիտեն, որ իրենք մենակ են մնացել, և ողջ պատասխանատվությունը հիմա իրենց վրա է։ Թե ինչ քայլեր են անում Արցախի իշխանությունները, շատ լավ երևում է, և կարելի է շատ հեշտ եզրակացություն անել։ Միակ բանը, որ հիմա պիտի անի Արցախի իշխանությունը, իր քաղաքականության հնարավոր ուղիները գտնելն ու օգտագործելն է, որովհետև ողջ պատասխանատվությունն իրենն է, չնայած վերջին օրերին իրենք սկսել են պատասխանատուներ փնտրել, և հետագա ինչ-որ խնդիրների առաջացման դեպքում իրենք լինեն իրավիճակի պատասխանատուն, բայց ոչ՝ մեղավորը։ Այսինքն՝ բոլորը պատրաստվում են ինչ-որ բանի, որը կարելի է տեսնել իրենց խոսքերի տողատակերում։
- Այդ հայտարարությունները ի՞նչ արձագանք են գտնում Արցախի ընդդիմության շրջանում, որտեղ ներգրավված են գեներալներ, փորձառու զինվորականներ։ Քաղաքական պրոցեսներ նախապատրաստվո՞ւմ են ընդդիմության կողմից։- Ընդդիմադիր դաշտը նոր չէ, որ իր դիրքորոշումն այդ մասին հայտնել է։ Մենք դեռևս պատերազմի, այսպես կոչված, հրադադարից հետո հայտարարել ենք, որ ՀՀ իշխանությունները՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, իրենց ձեռքերը լվացել են Արցախից։ Իրենք «հաջողությամբ» Արցախը հանձնել են ռուս խաղաղապահներին և ձեռքերը լվացել են։ Վերջին շրջանի պահվածքը, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կոչեր ու հայտարարություններ են անում, դրանք նույնիսկ դիվանագիտական գնահատականներ համարել էլ հնարավոր չէ, սովորական քաղաքացին էլ կարող է փողոցից նույն կոչն անել, դրանով իրենք ցույց են տալիս, որ իրենց վրա որևէ պարտավորություն չունեն։ Փաստաթղթի տակ ստորագրել են 3 կողմերը՝ Ադրբեջանը չի կատարում կետերը, Ռուսաստանը, որպես միջնորդ կողմ, ամբողջությամբ պահպանել է իր գործառույթները, Հայաստանը ձեռքերը լվացել՝ մի կողմ է քաշվել։ Այնպես որ, հիմա Արցախի ճակատագրով զբաղված է ՌԴ-ն՝ այնքանով, ինչքանով իրավասություն ունի, և Ադրբեջանը։ Հայաստանի իշխանությունները ինքնակամ հեռացել են այդ հարցի լուծումից կամ կարգավորումից։ Մենք դեռևս պատերազմի ժամանակ ենք հայտարարել, որ Արցախի փրկության միակ ճանապարհը Արցախի Հանրապետության ճանաչումն է, այլ տարբերակ չկա։ Այդ ճանաչման հարցն էլ պետք է շատ հստակ համաձայնեցնել ռուսական կողմի հետ, որովհետև վտանգ կառաջանա, եթե դա արևմտյան որևէ երկիր ճանաչի, որովհետև պահանջը կլինի խաղաղապահների դուրսբերումը, ինչն անթույլատրելի է։ Այսօր Հայաստանում բազմաթիվ արևմտամետ ուժեր, նաև իշխանությունները... այս 20 օրվա մեջ բազմաթիվ կոչեր ենք լսում, որ պետք է արևմտյան խաղաղապահ ուժեր բերվեն։ Այսինքն՝ իրենք օգտագործում են մեզ, որ կարողանան ՌԴ-ի դեմ ինչ-որ հարցեր լուծել։ Արցախի իշխանությունները պետք է Հայաստանին ստիպեն, որ նորից ստանձնեն անվտանգության երաշխավորի պարտականությունը և լինեն Արցախի խոսափողը, եթե ոչ, ապա Արցախի իշխանություններին մնում է ուղիղ ճանապարհը գտնել, որովհետև այս իրավիճակից միակ փրկությունը Արցախի անկախության ճանաչումն է։
Կորյուն Սիմոնյան