Հայագետ և ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել Մուսա Լեռան հերոսամարտի մասնակից Նուարդ Վահիդե Եկարյանի «1915 Սուէտիա Մուհարէպէսի» («1915 թ. Սուեդիայի պատերազմը») հայատառ թուրքերեն ձեռագիր հուշագրությունը։ Այս մասին հայտնում են ՀՑԹԻ-ից։

97 էջից բաղկացած այս բացառիկ սկզբնաղբյուրը կարևոր արժեք ունի ոչ միայն Մուսա Լեռան ինքնապաշտպանության պատմության, այլև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ուսումնասիրության համար։ Հուշագրության առանձնահատկությունն այն է, որ այն գրվել է անմիջապես դեպքերին համընթաց՝ հեղինակի անձնական ապրումների և անմիջական դիտարկումների հիման վրա, ինչը ձեռագրին հաղորդում է բացառիկ վավերագրական արժեք։
1916 թվականին Նուարդ Եկարյանը Պորտ Սաիդից տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հուշագրությունը երկար տարիներ պահպանվել է նրա ընտանիքում, և 1987 թվականին Վահրամ Շեմասյանը այն ստացել է հենց Նուարդ Եկարյանից։
Հատկանշական է, որ Նուարդ Եկարյանի հուշագրությունը դեռևս 1916 թվականին հրապարակվել է Ֆրեզնոյում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի 429-434 համարներում։
Հուշագրության փոխանցումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կարևոր ձեռքբերում է թանգարանի արխիվային հավաքածուի համար՝ համալրելով այն Մուսա Լեռան հերոսամարտի և Հայոց ցեղասպանության տարիների վերաբերյալ նոր ու բացառիկ վկայություններով։