Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 20:08 24-03-2022

Հավասարության նշան եմ դնում ներքին և արտաքին թշնամիների միջև. Փոստանջյանը՝ դիմադրության շարժում սկսելու մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց, որ դիմադրության շարժում սկսելու իրենց դիրքորոշումն ուժի մեջ է, այդ ուղղությամբ շատ ակտիվ խոսում է Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի, միությունների, անհատների ու գործիչների հետ:

Նրա խոսքով՝ դիմադրությունն ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն արտաքին թշնամիներին և դիմադրություն օրվա իշխանություններին: Ըստ նրա՝ համահայկական դիմադրություն պետք է լինի, որ պետք է վերածվի համաժողովրդական ընդվզման, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Առաջիկայում, հուսով եմ, կոնկրետ քայլեր ու գործողություններ կտեսնեք»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ տարբեր ուժերի հետ քննարկում են մարտավարությունը, քայլերը, գործողությունները:

Oragir.news-ը զրուցեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ` հարցնելով, թե ինչ դիրքորոշում ունի նրա կուսակցությունը, միանալու է արդյոք դիմադրության շարժմանը:

«Քանի որ բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այսօրվա այս գործող իշխանությաններին և ընդհանուր առմամբ նաև արտաքին քաղաքականությանը, որը տարվում է, այսինքն՝ այդ թուրքական մերձեցման, թուրքերին հանձնվելու, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու այդ քաղաքականությանը, որոնք դրա դեմ պայքարում են, մենք մշտապես այդ պայքարում ենք, և մեր նախորդ բոլոր գործողությունները դրանցով էին պայմանավորված, իսկ եթե այժմ էլ պետք է տեղի ունենան գործողություններ, որոնք կարող են նպաստ բերել այդ պայքարին, իհարկե, մենք մասնակցելու ենք: Այս պահի դրությամբ՝ այս հայտարարությունից (Սաղաթելյանի հայտարարությունը- Oragir.news) հետո քննարկում չի եղել, բայց մինչ այդ եղել են քննարկումներ»,- ասաց Փոստանջյանը:

Մեր այն հարցին, թե դիմադրության շարժումը որ ճակատից պետք է սկսի իր գործողությունները` դիմադրություն արտաքին թշնամիներին, թե դիմադրություն օրվա իշխանություններին, որն է առավել կարևոր այսօր, Փոստանջյանը պատասխանեց․ «Այսօր այդ «թուրք» քաղաքական հասկացությունը գործում է և մեր վարչական շենքերում` մեր պետական վարչարարություն իրականացնող կառույցներում և նաև արտաքինում է`մեր հակառակորդ երկիրը, թշնամին: «Թուրք» ասվածը ոչ միայն էթնոսի հարցն է, այլ նաև քաղաքական կատեգորիա է: Ես հավասարության նշան եմ դնում այդ երկու հասկացությունների մեջ: Երբ թուրքը հարձակվում է, թուրքը գազամուղն է վնասում կամ այնտեղ փական է դնում, հետո անջատում է, և այստեղ խրախուսվում է, ասում են`ի՞նչ է եղել, չէ՞ որ այս գործող իշխանության ներկայացուցիչներից մեկը վերջերս հարցազրույց էր տվել և ասել`դե ի՞նչ է եղել, թող դիմանան, կամ` ի՞նչ է եղել որ`կրակում են: Եթե դու իշխանություն ես ու պարտականություն, պատասխանատվություն չես կրում, անգործություն ես ցուցաբերում, ուրեմն հավասարության նշան է դրվում քո և իսկական թուրքի մեջ. դու նույն քաղաքականության սպասարկողն ես»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանը նաև հավելեց, որ եթե խոսելու լինենք այս երկու թշնամիների վտանգավորության մասին, ապա երկրում գործող հայախոս թուրքը ավելի վտանգավոր է:

«Նրանք էությամբ նույնն են, բայց երկրի ներսում այդ թուրքը խոսում է հայերեն, ինչ-որ ձևով փորձում է ներկայանալ որպես հայ, բայց իրականում նա ավելի վտանգավոր է, որովհետև քողարկված է: Մենք արտաքին թուրքին ճանաչում ենք շատ լավ, իսկ այս մեկը քողարկվում է: Այնպես որ, եթե առաջնային սրանցից ազատվենք, մյուսի հարցը ավելի հեշտ կլուծենք»:

Մեր հեռախոսազրույցից րոպեներ առաջ տարածվել էր տեղեկություն, որ Արցախում թշնամին խախտել է շփման գիծը, ստեղծվել է լարված իրավիճակ Խրամորթ և Փառուխ գյուղերում: Անդրադառնալով այդ լուրերին`Փոստանջյանը շեշտեց, որ պատերազմն իրականում չի ավարտվել, ուղղակի թեժ պատերազմական գործողություններից անցել է 2 տարի:

«Բանակն այս ընթացքում չեն համալրել, համապտասխան զենքեր չեն գնել, բայց այդ գումարներն օգտագործել են իրենց համար: Այսօր թշնամին կարողանում է նոր ոտնձգություներ անել, որովհետև այստեղ է անգործություն թույլ տրվել, այստեղ է խնդիրը: Եթե այստեղ չլիներ թուրքական իշխանություն, այսինքն` ոչ թշնամական իշխանություն, մենք այդ հարցերը կլուծեինք, թուրքը ո՞վ էր, որ կարողանար փորձել ոտձգություն անել: Եթե լիներ համապատասխան արձագանք, թուրքը կվախենար: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը հասկանա` Երևանին էլ են խփելու, չեն խնայելու»,- ասաց Փոստանջյանը:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան