Պտղավանում գրեթե ամեն տուն Գառնիկ Ոսկանյանին ճանաչում է ոչ միայն անունով, այլև՝ հնչեղ մականունով՝ Կինտոյանց Գառնիկ։ Գառնիկն ու նրա զարդարված փոքրիկ ավտոմեքենան վաղուց գյուղի անբաժան մասնիկն են։ Գառնիկը ծնունդով կոթեցի է ու անսահման հայրենասեր մարդ: 90-ականներին մասնակցել է նաև բանակաշինության գործին, պահել հայրենիքի սահմանները, և անսահման հպարտ է, որ կոթեցի է:
Առաջին պատերազմի ժամանակ, սակայն, իր տունը արկի պայթունից հետո հրդեհվեց, հետո տեղափոխվեցին այստեղ ու Գառնիկն էլ ապրեց Կոթիի կարոտը սրտում: Գյուղում նրան ճանաչում են որպես բարին սերմանող ու բարին գործող մարդ, մի բան, որ մեր ժամանակներում հազվագյուտ է հանդիպում: Այդուհանդերձ, Գառնիկը սիրում է նաև Պտղավանը, որը ծանր տարիներին հյուրընկալել է իրեն: Այստեղ էլ մարդիկ ջերմ են, կլիմայի նման: Նա մարդու տեսակի վառ օրինակ է՝ պատրաստ մշտապես օգտակար լինելու, ծառայեու իր համայնքին՝ առանց որևէ անձնական շահի։
Գառնիկի մեքենան վաղուց արդեն գյուղի կյանքի անբաժան մասն է դարձել. ցանկացած իրավիճակում՝ ճանապարհին մնացած երեխայից մինչև հիվանդի շտապ տեղափոխում՝ իրականացվում է նրա ավտոմեքենայի օգնությամբ։
Պարոն Գառնիկը երազում է, որ հայ ազգը մի օր դառնա միասնական, մի բռունցք, ու վերջապես, վերջ դրվի կորուստներին: