Արտաքին 4 տարի առաջ - 10:27 21-03-2022

Հայաստան է տեղափոխվել ՌԴ 100 000 քաղաքացի. Nettavisen

Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո, նախնական տվյալներով, երկիրը լքել է ավելի քան 200 հազար ռուսաստանցի։ Ընդ որում, նրանցից շատերը՝ մոտ 100 հազար մարդ, մեկնել է Հայաստան, հաղորդում է նորվեգական Nettavisen պարբերականը՝ հղում անելով Չիկագոյի համալսարանի ռուսաստանցի տնտեսագետ Կոնստանտին Սոնինին։

«Հուսահատ ռուսաստանցիները զանգվածաբար փախչում են երկրից,- գրում են նորվեգական լրատվամիջոցները։- Ամենահայտնի ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանն է։ Ըստ գնահատականների, պատերազմի սկզբից ի վեր այստեղ է տեղափոխվել մոտ 100 հազար ռուսաստանցի։ Քաղաքի կենտրոնում սովորական բնակարանի վարձակալության արժեքը ամսական 300 դոլարից դարձել է 1100 դոլար։ Արևմտյան երկրների մեծ մասն իր օդային տարածքը փակել է ռուսական ինքնաթիռների համար, սակայն Euronews-ի տվյալներով, Ռուսաստանից օրական ավելի քան 30 ինքնաթիռ է ժամանում Երևան։ 29-ամյա Ալեքսանդրը (նրա խնդրանքով անունը փոխված է՝ ՌԴ իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումների վախի պատճառով) առաջիններից մեկն էր, որ լքեց հայրենիքը՝ ռազմական գործողության մեկնարկից հետո: Նրա խոսքով, Հայաստան եկած ռուսաստանցիների մեծամասնությունը դեմ է պատերազմին։ Նրանք երկրից հեռացել են աշխատանքի, ուսման կամ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու վախի պատճառով»։ Երևան տեղափոխված ռուսաստանցիների մեծ մասն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ալեքսանդրը ևս արևմտյան ՏՏ ընկերություններից մեկի աշխատակից է։

«Մարդիկ Հայաստան են մեկնում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պատճառով, որն այս երկրում ռազմակայան ունի, իսկ Պուտինը հանդես է գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում»,- նշում է Nettavisen-ը։ Ռուսաստանցիներն առանց վիզայի կարող են Հայաստանում մնալ վեց ամիս։ Ալեքսանդրն ասում է, որ ռուսաստանցիներին այստեղ լավ են ընդունում։ Բայց Պուտինի և Հայաստանի միջև լավ հարաբերությունները միանշանակ չեն նշանակում, որ հայ ժողովուրդն աջակցում է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը: Սոցցանցերում Երևանում անցկացված ուկրաինամետ ցույցերի լուսանկարներ են շրջանառվում»։ Փողը խնդիր է իրենց երկիրը լքած բազմաթիվ ռուսաստանցիների համար, քանի որ Ռուսաստանն անջատվել է բանկային և վճարային միջազգային համակարգերից:



«Ռուսաստանն ունի իր վճարային համակարգը՝ «Միր»: Ռուսաստանի սահմաններից դուրս «Միր»-ը գործում է միայն Հայաստանում և Թուրքիայում։ Հիմա իմ հինգ գործընկերը Չեռնոգորիայում են, և որևէ գումար չեն ստանում։ Նրանք միայն իրենց հետ վերցրած կանխիկ գումարն են օգտագործում և այն շուտով կսպառվի։ Չգիտեմ ինչ անել, երևի թե հարկ կլինի մեզնից մեկը թռչի այնտեղ կամ այնտեղից այստեղ, որպեսզի նրանք կարողանան ապրել»,- ասում է Ալեքսանդրը: Շատ ռուսաստանցիներ Հայաստանը որպես ժամանակավոր կացարան են դիտարկում: Ալեքսանդրն էլ է ցանկանում մեկնել Եվրոպա: Նրա խոսքով, ռուսական գազի խոշոր ներկրող Նիդեռլանդներ տեղափոխվելն ավելի հեշտ կլինի ռուսաստանցիների համար, քան ԵՄ այլ երկրներ։ Եթե ​​ոչ, ապա ընկերությունը, որտեղ նա աշխատում է, գրասենյակներ ունի ԵՄ երկու այլ երկրներում: Միգուցե Ալեքսանդրն ու իր գործընկերները կարողանան տեղափոխվել այնտեղ։

Ամենից շատ դիտված