Ներքին 4 տարի առաջ - 15:52 13-03-2022

«Վեհամոր» Ավետարանը, որի վրա երդում է տալիս ՀՀ նորընտիր նախագահը, ամբողջությամբ պահպանված ամենահին հայկական ձեռագիրն է

«Վեհամոր» Ավետարանը, որի վրա երդում է տալիս ՀՀ նորընտիր նախագահը
Այն համարվում է ամբողջությամբ պահպանված ամենահին հայկական ձեռագիրը։
Ունի երկու անանուն հուշագրումներ, որոնցից մեկի համաձայն, Ավետարանը գրվել է Սուրբ Երրորդության վանքում, սակայն վանքի տեղակայման վայրը հայտնի չէ։ Ավելի ուշ ավելացված գրառումները բացահայտում են ձեռագրի պատմությունը։ 13-րդ դարում այն պահվել է Հավուց Թառի վանքում, որտեղից այն 1294թ.-ին ձեռք է բերել ոմն Համենավագ։
15-րդ դարում ձեռագիրը եղել է Մաքենյաց վանքում։ 16-րդ դարում այն հայտնվել է Բանանց գյուղում (ներկայումս Բայան, գյուղ Ադրբեջանի տարածքում), որտեղ վերամշակվել է 1625 թ.-ին։ Հենց այստեղ է 19-րդ դարի վերջում Ավետարանը հայտնաբերել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։
1895 թ.-ին Բարխուդարյանցը տվել է ձեռագրի առաջին տպագիր նկարագությունը, նշելով, որ այն տեղի բնակչության մոտ հայտնի է «Հին Ավետարան» կամ «Պահապան» անուններով։ Ընդորում, առաջին մակդիրը ի հայտ է եկել 1625 թ.-ին, իսկ «Պահապան» անվանումը կապված է տեղի բնակչության հավատալիքների հետ։ Տեղի բնակչության կարծիքով Ավետարանն ունեցել է բուժիչ ուժ և դրանով բուժել հիվանդներին։
1974 թ.-ին Բանանց գյուղի բնակչուհի Ասյա Գրիգորյանի միջոցով ձեռագիրը փոխանցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան եպս. Տերյանին։ Վերջինս, իր հերթին, 1975 թ.-ի հունվարի 1-ին այն նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառին՝ նվիրելով այն հայրապետի մոր անմար հիշատակին։ Նույն տարվա հուլիսի 25-ին Վազգեն Առաջինը արժեքավոր պարգևը հանձնել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանի պահպանությանը, որտեղ ձեռագիրը գրանցվել է 10680 համարի ներքո։ Մատենադարանի աշխատակիցները, հաշվի առնելով Վահան եպիսկոպոսի կամքը և Վեհափառի համաձայնությունը, ձեռագրին տվել են «Վեհամոր» անվանումը՝ ի պատիվ կաթողիկոսի 1974 թ.-ին մահացած մոր՝ Սիրանուշ Պալչյանին։
Ձեռագիրը բաղկացած է 257 մագաղաթե էջերից։ Ունի 33×25,7 սմ չափսեր։ Տառատեսակը՝ երկաթագիր։ Շրջանակը զարդարված է մեկ մեծ, ոսկեջրած խաչից, որը բաղկացած է հինգ քարերից և տասնինը մետաղական խաչերից։
1991 թվականից Վեհամոր Ավետարանի վրա, երդմնակալության ժամանակ, հանդիսավոր կարգով երդում են տալիս Հայաստանի Հանրապետության նախագահները։
2005 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ձեռագիրը ներառվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների» ցանկում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից