Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն National Defense ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է պետք անել երկար ապրելու համար։
Հիմնվելով սեփական փորձի վրա՝ նա կոչ է արել ուժեղացնել իմունային համակարգը։
«Պետք է այնպիսի կենսակերպ վարել, որ ավելի քիչ հիվանդանաս։ Որ իմունիտետը նորմալ լինի։ Թու-թու-թու, ես երբեք հիվանդ չեմ եղել իմ կյանքում: Եվ սրա պատճառը մանկության տարիներից է, երբ ոտաբոբիկ քայլում էի «սպիտակ ճանճերի» վրայով․ այդպես մենք ձյանն ենք անվանում»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ժամանակակից մարդիկ սխալ են ապրում, ինչը, նրա խոսքով, ցույց է տվել համաճարակը։
«Նստակյաց աշխատանք, եկանք տուն, պառկեցինք բազմոցին, նախկինում թերթ ունեինք, բայց հիմա մենք մտնում ենք iPhone-ի մեջ, գոհ պառկում ենք, հեռուստացույց նայում։ Պետք է գործ անել օրվա մեջ երկու ժամ: Երկու ժամը օրենք է»,- իր դիտարկումն է կիսել Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն հավելել է, որ ինքն է կացինը վերցնում և գնում փայտ կտրելու. «սա օգտակար է»։ Նա նաև խորհուրդ է տվել հրաժարվել ներմուծվող ապրանքներից՝ հօգուտ Բելառուսում աճեցվող կարտոֆիլի։