Արտաքին 40 րոպե առաջ - 12:46 28-09-2026

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային

Եվրամիությունը կոչ է անում այն երկրներին, որոնց մոտ դեռևս պահպանվել են «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պաշարներ, դրանք շտապ փոխանցել Ուկրաինային՝ հետագայում նոր արտադրված հրթիռներ ստանալու հնարավորության դիմաց։ Այս մասին ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Ինչպես տեսաք, կրկին հարձակումներ են տեղի ունեցել քաղաքացիական բնակչության դեմ։

Ուստի Ուկրաինան շտապ հակաօդային պաշտպանության կարիք ունի։ Մենք կրկին կոչ ենք անում այն երկրներին, որոնք դեռևս ունեն համապատասխան համակարգեր և հրթիռներ իրենց պահեստներում, փոխանցել դրանք Ուկրաինային, որպեսզի հետագայում արտադրվող Patriot հրթիռներով հնարավոր լինի համալրել նրանց պաշարները», — ասել է Կայա Կալասը։
Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը, մասնավորապես՝ տարածաշրջանում ԵՄ ռազմածովային գործողությունները։

«Մենք ունենք «ASPIDES» գործողությունը, սակայն դրա լիարժեք իրականացման համար իսկապես անհրաժեշտ են ավելի շատ ռազմածովային միջոցներ։ Դրանց կարիքը երբևէ եղածից ավելի մեծ է։ Մենք բազմաթիվ խնդրանքներ ենք ստանում նավերին ուղեկցություն ապահովելու վերաբերյալ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են համապատասխան ռազմածովային միջոցներ»,- ասել է նա։