Փաշինյանը գյուտ արածի նման իր քայլերին է հարմարեցնում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը. Գևորգ Դանիելյան
copy image url

Փաշինյանը գյուտ արածի նման իր քայլերին է հարմարեցնում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը. Գևորգ Դանիելյան

Ներքին 3 տարի առաջ - 17:43 28-08-2021

2020թ. կործանարար պատերազմի հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությամբ՝ Արցախի մեծ մասի կորուստը մեր վերջին տարածքային կորուստը չէր: Դրանից որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերին, վարչապետը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից և Սոթքի հատվածներում տարածքների զիջում է լինելու, սակայն այս անգամ ոչ թե թղթով ու ստորագրությամբ, այլ՝ ըստ 2010թ. ՀՀ իշխանության կողմից ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի, որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արևելք ընկած հատվածը ոչ թե Արցախի, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է նաև, որ Կապան քաղաքից արևելք հատվածը նույնպես Ադրբեջանի Հանրապետությունն է: Այս հայտարարությունից հետո սուր քննադատություններ հնչեցին թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, թե՛ անգամ ՄԻՊ-ից: Մասնավորապես նշվում էր, որ պետությունների սահմանը չի որոշվում ներքին վարչատարածքային բաժանման օրենսդրությամբ և ինչ-որ անհայտ թվականի քարտեզներով, այդ թվում՝ այն տարածքները, որոնց վերաբերյալ, օրինակ, մեր քաղաքացիներն ունեցել են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ: Դա որոշվում է «ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով, երկու պետությունների միջև միջպետական հանձնաժողովով, միջազգային փաստաթղթերով ու պայմանագրերով:

Այս հարցին որոշ ժամանակ անց անրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով. «Այն ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, մենք չէինք կարող գրել, մեր օրենքներով պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը: Մենք չէինք կարող գրել, որ Հայաստանի Հանրապետության հարևանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի»:

Խնդրի հետ կապված 2010 թ. ուշագրավ մեկնաբանություն ու վերլուծություն արեց պատգամավոր, Հանրային խորհրդի նախկին նախագահ, ՄԱՀՀԻ-ի փորձագետ Ստեփան Սաֆարյանը, ով խոստովանել էր, որ ժամանակին իր խմբակցության հետ միասին ընդդիմացել են օրենքին, քննադատել ամենասուր ելույթներով՝ տեսնելով դրա տակ առկա երկրի ինքնիշխանության ու անվտանգության համար թաքնված վտանգավոր նպատակները: Ըստ նրա՝ այդ նպատակներն ուղիղ կապ ունեն մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող ՀԱՊԿ-ի և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի՝ մեր տարածաշրջանում քաղաքականության ու շահերի հետ, որտեղ Հայաստանի շահերը ստորադասվելու են, քանի որ. «Արցախի «առանցքի» վրա խարսխվող ռուսական անվտանգության ճարտարապետությունը ողջ Կովկասի համար հենվում է այն բանի վրա, որ բոլոր ռազմավարական կոմունիացիաների հսկողը պետք է ռուս խաղաղապահը կամ ռուս սահմանապահը լինի։ Եթե Ադրբեջանի դեպքում խոսքը Քաշաթաղից (Զանգելան+Կուբաթլու) դեպի Քարվաճառ կամ հակառակը, ինչպես նաև Շուշի տեղաշարժվելու մասին է, ապա հայկական կողմի համար՝ Բերձորի (Լաչինի) միջանցքն է։ Իսկ «ապաշրջափակման» ավելի լայն կոնտեքստում՝ Բաքվի համար Ադրբեջանից Նախիջևան հաղորդուղիների (առաջին հերթին՝ Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Երասխ-Նախիջևան երկաթուղու, ինչպես նաև երբևէ Սյունիքով ավտոճանապարհի ու երաթուղու դեպքում) ռուսական ուղեկցության մասին է, իսկ Հայաստանի դեպքում խոսքը, ուշադրություն, Վրաստան-Հայաստան-Իրան հաղորդակցության կրկին ռուսական վերահսկողությանն է վերաբերում, քանի որ այս գիծն Արևմուտքի, Իրանի, Հնդկաստանի համար էլ ստրատեգիական է, դրանով նրանք կապվում են իրար հետ»։

Ստեփան Սաֆարյանն օրերս ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը դիտարկեց հենց այս քաղաքականության համատեքստում՝ որպես ՌԴ-ի ծրագրերով պայմանավորված միջադեպ. «Ու, ահա´, ռուսական պլանով պետք է, որ բոլոր կարգի կոմունիկացիաների կոնտրոլյորն ու ապահովողն ինքը լինի։ Հետևաբար, ի՞նչ է պետք՝ մի միջադեպ, ինչ-որ մեկը, վարկածներից մեկով՝ հնարավոր է և ռուս զինվորականներ, ովքեր դանակահարում են ադրբեջանցու (մանավանդ, որ ադրբեջանցիներն Արցախում իրենց լկտի են պահում ռուս խաղաղապահների հանդեպ), վերջիններս էլ փակում են ճանապարհը, դու բանակցում ես ու բացել ես տալիս․․․ Նման մի քանի միջադեպ, և երկու կողմերն էլ, առաջին հերթին Հայաստանը, նոր պատառներ կորցնելու վախից ստիպված համաձայնում են, որ քո կոնտրոլը թղթով ու մշտական լինի․․․․ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը բավականին արագ հասկացավ այն լաբիրինթոսը, որի մեջ հայտնվել է, ինչի մասին գրել եմ քանիցս, ու ռազմավարական որոշում կայացրեց իջեցնել ռուսներից ունեցած կախվածությունը՝ առաջին հերթին կառուցելով երկու բան՝ Շուշի տանող նոր ճանապարհ և թունելներ Մռավի լեռան տակ․․․ Ռուսն էլ տեսնում է, որ Ադրբեջանը թուլացնում է դրանով իր կախվածությունը և սկսում է պատժել նրան․․․»:

Սակայն, անկախ այս ամենից, պետաիրավական հարցերն աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորելու հարկադրանքից առաջացավ տարրական մի հարց, որի համար քաղաքագետ լինել բնավ էլ պետք չէ. հարցը, թե ինչո՞ւ այս իշխանությունը 2018-ից սկսած չի մտածել կամ չի փոխել այս պետական շահերին վնասող օրենքը: Այս հարցը քանիցս հնչել է, բայց իշխանության, հատկապես վարչապետի կողմից պատասխանն ինչ-ինչ պատճառներով՝ գուցե անվտանգային նկատառումներից ելնելով, միշտ եղել է ոչ հստակ ու թափանցիկ՝ խուսափողական ու սուբյեկտիվ մեկնաբանությամբ, ինչին ականատեսն եղանք օրեր առաջ, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Եղիազարյանը վարչապետին հղեց նույն հարցը, թե 2018 թ. կառավարության ղեկավար է եղել, ինչո՞ւ չի նախաձեռնել այդ օրենքի փոփոխությունը, եթե գտնում էր, որ սահմանները վերջիվերջո ճշտվելու են Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքի հիման վրա: Փաշինյանը դարձյալ ենթատեքստով, ոչ բաց մեկնաբանեց այն ՝ ելնելով ընդհանուր բանակցային ժառանգության, անվտանգային խնդիրներից, բայց իր պատասխանի մեջ դարձյալ առանցքային դարձրեց այս հարցում նախկին իշխանությունների դիրքորոշումը՝ հատկապես շեշտելով, որ հենց այս նկատառումով են նախկինները Գորիս-Կապան ճանապարհը հանել հյուսիս-հարավ նախագծից, նույնը Տիգրանաշենի ճանապարհը, և դա է նրան տրված ժառանգությունը: Ըստ էության՝ Փաշինյանն անպատասխան թողնեց հարցի այն մասը՝ արդյո՞ք իր իշխանության սխալ հաշվարկի, լուրջ բացթողման, չիմացության արդյունքն է օրենքը չփոխելը, թե կա այլ ծածուկ և անհայտ պատճառներ, որոնց մասին հնարավոր չէ բաց ու որոշակի խոսել: Այս հարցի պատասխանը գտնելը դժվարանում է այն պատճառով, որ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես էլ համարժեք և հանգամանալից հակադարձում, բացատրություն չեն տալիս՝ դարձյալ անհայտ պատճառներով:

Տվյալ հարցի վրա փոքր-քիչ ավելի լույս սփռելու համար դիմեցինք իրավագետ, Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ անդամ, իրավագիտության դոցենտ Գևորգ Դանիելյանին, ով արդեն անդրադարձել էր տվյալ խնդրին ֆեյսբուքյան իր էջում:

«Բազմիցս արձագանքել եմ, որ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ոչ թե 2010թ. (նախագահ՝ Սերժ Սարգսյան), ինչպես միշտ ներկայացվում է, այլ 1995թ. (նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյան), իսկ հետագայում 12 անգամ փոփոխությունների և լրացումների ենթարկվել։ Այդ օրենքը որևէ կապ չունի պետական սահմանի, մասնավորապես, Սյունիքի մարզում միջպետական ճանապարհների 21 կմ հատվածն անմիջականորեն ադրբեջանցիներին հանձնելու հետ։ Բայց եթե անգամ այդպես է ընկալվել, ապա այն ցանկության դեպքում կարող էր վերանայվել։ Մյուս կողմից, եթե տարածքը հանձնել եք, ավելին՝ ընդունում եք, որ ամեն ինչ օրենքով է, ապա Ադրբեջանն էլ օրենքով ձեռք է բերել իր տարածքն ինքնիշխանության սկզբունքով ազատ տնօրինելու իրավասություն։ Իսկ ճանապարհները փակելու համար պատրվակ պետք էլ չէ, ցանկացած պահի կարող են փակել՝ պատճառաբանելով, որ միջպետական բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն՝ ակնարկելով հենց Մեղրու միջանցքը, որը գործելու է բացառապես ՌԴ զինուժի հսկողության ներքո։ Հընթացս անտեսված են բոլոր այն ճանապարհները, հատկապես հյուսիս-արևելյան հատվածում, որոնք երբևէ անարգել շահագործվել են Հայաստանի կողմից։ Բա այսքան ժամանակ հենց սրա համար էինք բարձրաձայնում, որ չէր կարելի անհիմն զիջումների գնալ, այլ պետք էր միջնորդ պետության մասնակցությամբ այնպիսի փոխշահավետ սահմանագծում իրականացնել, որպեսզի այն չընդգրկեր միջպետական ճանապարհը, և մենք էլ շանտաժների զոհ չդառնայինք»։

Գևորգ Դանիելյանը պնդում է, որ հողերը հանձնելու համար այս օրենքին հղում տալն ապօրինություն է, որովհետև դա ուրվագծում է ոչ թե պետական սահմանը, այլ համայնքի արտաքին սահմանագիծը, որից հետո սկսվում է 5 կիլոմետրանոց սահմանային գոտին, ինչն ամբողջովին անտեսվել է և ուղղակի հանձնվել Ադրբեջանին՝ սխալ օրենքով ղեկավարվելու արդյունքում, պետք էր ղեկավարվել պետական սահմանի մասին օրենքով։ Նա կտրուկ կերպով շեշտեց, որ ընդհանրապես խնդրի հետ այս օրենքը կապ չունի, և ինքը չի ուզում դառնալ այդ հորինված, վտանգավոր քաղաքականության կրողը: Նրա կարծիքով՝ վարչապետը գյուտ արածի նման այն հարմարեցրել է իրեն։ Իսկ օրենքը համարժեք բովանդակության է, դրանում որևէ խնդրահարույց դրույթ չկա, ավելին՝ Շուռնուխի (այն արդեն վարչապետն ադրբեջանական անունով է հնչեցնում) վերաբերյալ կետն ուժը կորցրել է։ Երրորդ ուժի գործոնն էլ հերթական խորհրդավոր հորինվածքն է:

Դանիելյանը համոզված է, որ այդ օրենքում ընդհանրապես խնդրահարույց կետ կամ վտանգ չկա, դրա համար էլ փոփոխության չի ենթարկվել ո´չ նախկինների, ո՛չ էլ ներկաների կողմից: Բայց հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պատճառաբանել է, որ պատերազմի վտանգ կարող էր առաջանալ, եթե Շուռնուխին սահմանակից գրվեր Արցախի և ոչ թե Ադրբեջանի Հանրապետություն:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից համարժեք կոշտ հակադարձում չի լինում Փաշինյանին՝ ըստ էության ընդունելով, որ նման բովանդակությամբ օրենքն էական նշանակություն ունի խնդրի մեջ, մեր զրուցակիցը չպատասխանեց, բայց, դատելով նրա ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից, կարելի է եզրակացնել՝ նա ընդունում է, որ. «Այս հարցերին ընդդիմությունը, թերևս, պետք է համարժեք արձագանքի, այլապես ստացվում է խաղ՝ մի դարպասի վրա ...»:

Ամենից շատ դիտված