Ներքին 5 տարի առաջ - 22:25 01-07-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաև վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարևորությունը ընդգծվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում և հատկապես վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կատարած աշխատանքի համար:

Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, որ միայն Հայաստանի Հանրապետությունը, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը և հարատևությունը: Իհարկե, վերջին տարիներին մենք շատ լուրջ մարտահրավերների ենք առերեսվել, նաև այդ մարտահրավերները երբեմն թվացել են անհաղթահարելի, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ իրադրություն: Մեր երկրի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել և աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին: Այս իրադրության ստեղծման գործում Պետական պահպանության ծառայության դերը հնարավոր չէ գերագնահատել և դա, կարծում եմ, տեսանելի է բոլորին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում տեսանք, թե ինչ խնդիրներ և բացեր կան Պետական պահպանության ծառայության աշխատանքում և որտեղ ու ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: «Մի բան ակնհայտ է, որ Պետական պահպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի լուծենք:

Այս պահին համոզված եմ մի բանում, որը շատ կարևոր արձանագրում է. այսօր Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ՊՊԾ ծառայությունը գնահատվում է բարձր: «Ցավոք, մենք ունեցել ենք անցանկալի դրսևորումներ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև սա, նաև պիտի ընդգծեմ ցույց տալու համար, որ այն դժվար օրերին, պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլև գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում: Բայց, միևնույն է, այնուամենայնիվ, ես շատ ուրախ եմ և հպարտ եմ արձանագրել, որ մենք իրար հետ միասին, քայլ-քայլ, հետևողական և վճռական գործողությունների շնորհիվ կարողացել ենք վերականգնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը և կենտրոնանալ մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման խնդիրների վրա: Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, պետք է առավել ակտիվ և արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար և մաղթել հաջողություններ: «Մաղթում եմ, որպեսզի մեր մարտահրավերները գնալով ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն: Բայց ամեն դեպքում մենք և առաջին հերթին՝ Պետական պահպանության ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր, և դա առավել կարևոր ընդգծում է, քան հետագայում այդ մարտահրավերների հետևանքների դեմ պայքարելը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ արդյունավետ, ապահով և անվտանգ ծառայություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին