Ներքին 5 տարի առաջ - 09:09 26-05-2021

Ադրբեջանցի զինծառայողների արարքները լուրջ սպառնալիք են` ուղղված Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով հայ֊ադրբեջանական սահմանում երեկ տեղի ունեցած միջադեպին, հայտարարություն է տարածել.

«ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինակակ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով սպանել են ՀՀ զինծառայողի:

Փաստերի համաձայն` այսօրվա միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաև ՀՀ քաղաքացիական բնակչության համար: Խոսքն այն վայրերի մասին է, որոնք ծառայում են խոտհարք ու արոտավայր քաղաքացիական բնակիչների համար: Նրանք այդ վայրերում արածեցնում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին, ինչպես նաև բնակվում են գարնան, ամառվա ու աշնան ամիսներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ (օրինակ՝ նրանց անօրինական առաջանալու փորձերը Խոզնավար, Վերիշեն, Ակներ, Կութ, Այրք, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և այլն):

Այդ արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպանության ու գերեվարելու սպառնալիքներ տալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:

Ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Պետք է հաշվի առնել պատերազմից հետո ադրբեջանական զինվորականների պարբերական հանցավոր արարքները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը ու գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը կոպիտ խախտելը, ՀՀ սահմանային բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալը, ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր):

Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին»:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի