Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ Արմեն Բուդաղյանը Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
Ուղիղ եթեր
Ներքին 14 րոպե առաջ - 15:47 26-11-2026

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ Արմեն Բուդաղյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

Արմեն Բուդաղյանը ողջ մասնագիտական կյանքը նվիրել է հայ երաժշտարվեստի ուսումնասիրությանը, երաժշտագիտական մտքի զարգացմանը, երաժշտական կրթության ամրապնդմանը և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը։ Նրա բազմակողմանի գործունեությունը նշանակալի ներդրում է հայ երաժշտագիտության և երաժշտամշակութային կյանքի պատմության մեջ։

Արմեն Բուդաղյանը սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ որպես ջութակահար, այնուհետև 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1963 թվականին՝ երաժշտագիտության բաժինը։ Անվանի երաժշտագետը մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ռուս և խորհրդային երաժշտության պատմության ամբիոնում, պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը 1970 թվականին պաշտպանել է «Հայկական ջութակային սոնատի զարգացման ուղիները» թեկնածուական ատենախոսությունը, որը կարևոր գիտական ներդրում էր հայկական ջութակային երաժշտության պատմության ուսումնասիրության և համակարգման գործում։

Նա 1967 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ և պրոֆեսոր, իսկ 1976-1982 թվականներին ղեկավարել է նույն ամբիոնը։

Արմեն Բուդաղյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է․ նրա ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմությունը, երաժշտական ժանրերի զարգացումը, առանձին կոմպոզիտորների և կատարողների ստեղծագործական ժառանգությունը։

Նրա գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է հարյուրավոր հոդվածներ՝ տպագրված տարբեր պարբերականներում: Վերջինս հեղինակել և խմբագրել է բազմաթիվ մենագրություններ ու ուսումնամեթոդական աշխատանքներ, ինչպես նաև նշանակալի մասնակցություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի հոբելյաններին նվիրված հրատարակությունների պատրաստման գործում։

Արմեն Բուդաղյանը տարիներ շարունակ կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության պատմության ընդհանուր և մասնագիտական դասընթացներ, ղեկավարել արտասահմանյան երաժշտության պատմության մասնագիտացումը և ուսանողների գիտական աշխատանքները։

Երկար տարիներ ղեկավարելով կոնսերվատորիայի ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը՝ Արմեն Բուդաղյանը նշանակալի դեր է ունեցել ուսանողական գիտական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են հանրապետական և համամիութենական միջբուհական գիտաժողովներ, ինչպես նաև «Ուսանող և գիտություն» համամիութենական օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները։

Ավելի քան կես դար Արմեն Բուդաղյանն եղել է Հայաստանի երաժշտական հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը․ նրա գործունեության կարևորագույն ուղղություններից էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որի անփոխարինելի դասախոսներից, կազմակերպիչներից և գաղափարական նվիրյալներից էր։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներն ու սերը երաժշտության հանդեպ փոխանցել է հազարավոր դպրոցականների՝ նպաստելով մատաղ սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը։

Արմեն Բուդաղյանի անցած ճանապարհը գիտական նվիրումի, մանկավարժական պատասխանատվության և մշակութային արժեքներին անմնացորդ ծառայելու օրինակ է։ Նրա վաստակը չափվում է ոչ միայն գիտական աշխատություններով ու իրականացրած ծրագրերով, այլև այն սերունդներով, որոնց փոխանցել է իր գիտելիքները, մասնագիտական փորձը, երաժշտարվեստի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ Նա 2017 թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Արմեն Բուդաղյանի անունն ու վաստակը մշտապես կմնան հայ երաժշտագիտական մտքի և երաժշտական կրթության պատմության մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստն ու գործունեությունը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով կորստի վիշտը։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան
23:04 «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար