Հեղափոխականները ժխտման հիվանդության ախտանիշ ունեն՝ մերժում են իրականությունը։ Նոյեմբերի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտներով։ Այս կարգավորումը ընդհանուր վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում։
Ինչո՞ւ են այսպիսի նվաստացուցիչ կարգավորում սահմանել, և ի՞նչ ելք կա։
Արցախցիների անձնագրում «Ադրբեջան» նշելը, բնականաբար, վիրավորական է արցախցիների համար։ Դրանից զատ՝ այս կարգավորումը քաղաքական իրականության հետ կոնֆլիկտ ունի։ «Արցախ» միությունը, իրավապաշտպանները նշում են, որ ըստ միջազգային ստանդարտների՝ քաղաքացին իրավունք ունի նշել կա՛մ պետությունը, կա՛մ բնակավայրը՝ քաղաքը, ավանը և այլն։ Սակայն իշխանությունները այս տարբերակը չեն ընդունում, քանի որ բնակավայրերի անունները տարբեր լեզուներում տարբեր անվանումներ ունեն, և քաղաքացին խնդիրներ կարող է ունենալ օտար երկրներում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատասխանատուները պարզաբանում են, թե եթե անձնագրում չնշվի ծննդավայրը, ապա անձը ենթադրյալ խնդիրներ կունենա վիզա ստանալիս, սահմաններ հատելիս, օտար երկրներում։ Ծննդավայր տողում պետության նշումը կհեշտացնի անձի նույնականացումը, և քաղաքացին խնդիրներ չի ունենա։
Իհարկե, արդարացի է քաղաքացիների վրդովմունքը։ Ոմանք նկատում են, որ իրենք ծնվել են ԽՍՀՄ-ում։ Արցախցիները հիշում են, որ իրենց անձնագրերի վրա գրված էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այս առումով՝ ծննդավայր բաժնում կարելի է գրել՝ ՀՀ, կամ «նախկին ԽՍՀՄ», կամ «նախկին ԼՂՀ»։ Այսպես գրառումը չի հակասի իրականությանը։
Արցախցու անձնագրի ծննդավայր բաժնում «Ադրբեջան» գրելը հակասում է իրականությանը, քանի որ մարդիկ Ադրբեջանում չեն ծնվել։ Այսինքն՝ արցախցու անձնագրում «Ադրբեջան» գրելը կեղծիք է, որն ավելի լուրջ խնդիր կարող է ստեղծել քաղաքացու համար, քան ծննդավայր բաժնում նշում չանելը։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Արցախի հետ բարեկամության խմբեր ունեցած երկրներն ի՞նչ կմտածեն ՔՊ-ական իշխանության հոգեկան առողջության և արցախցիների ազնվության մասին։ Չեն ասի. «Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր»։
ՔՊ-ական իշխանությունների այս պահանջը նաև հակագիտական է։ Օրինակ՝ կարելի՞ է գրել, թե Բյուզանդիայի Կոստանդին I Մեծ կայսրը ծնվել է Թուրքիայի Հանրապետությունում, Մոնթեսումայի ծննդավայրը Մեքսիկայի Միացյալ Նահանգներն է, Հայկ Նահապետը ծնվել է Հայքում և այլն։ Լուրջ աղբյուրներում այսպիսի կեղծիք չեն անում, որ ծիծաղի ու արհամարհանքի առարկա չդառնան։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն արցախցուն ծիծաղի առարկա դարձնում։
Ամբողջ աշխարհը ծանոթ է Արցախի ազատության համար պայքարին։ Բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններ, միջազգային կառույցների բանաձևեր, միջնորդների բանակցային առաջարկներ, որտեղ գրված է «Լեռնային Ղարաբաղ»։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության մեջ նույնպես գրված է «Լեռնային Ղարաբաղ»։ Այս անվանումը աշխարհում բոլորին ծանոթ է։
Հետևապես՝ կարելի է արցախցիների անձնագրում, ծննդավայր բաժնում գրել «Ղարաբաղ»։ Սա, հավանաբար, ընդունելի կլինի արցախցիների համար և հասկանալի կլինի բոլորին։ Ենթադրելի է, որ որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, չի ասի, թե չգիտի՝ դա ինչ տեղանուն է։ Եթե որևէ մեկն էլ չիմանա, ապա կարող ենք պատմել, որ Ղարաբաղը հայկական բնակավայր է, որը 2020-ից զավթել է Ադրբեջանը, 2023-ին հայերին բռնի տեղահանել են Ղարաբաղից։ Այսպիսով՝ կասեն այն, ինչ եղել է, չեն կեղծի իրականությունը, չեն վիրավորի մարդկանց արժանապատվությունը։
Կարճ ասած՝ արցախցիների անձնագրում «Ադրբեջան» գրելը կեղծիք է և հակամարդկային։ Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են չբարեկամները զավթել Արցախը, բռնի տեղահանել հայերին, մարդկության դեմ հանցագործություն կատարել։ Այսքանից հետո անձնագրում Արցախի կամ Ղարաբաղի փոխարեն «Ադրբեջան» նշումով, կարծես, արդարացվում են այդ հանցագործությունները։ Սա անհարգալից է Արցախի ազատության պայքարի նահատակների հիշատակին։ Եթե արցախցիների անձնագրում «Ադրբեջան» գրելը Ալիևի նախապայմանը չէ, ապա ՔՊ-ականները կարող են թույլ տալ կենսաչափական անձնագիր ստացողին ծննդավայր բաժնում գրել «Ղարաբաղ», բայց ոչ «Ադրբեջան»։
Թաթուլ Մկրտչյան