Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանի և նրա կնոջ՝ Նելլի Փոթեյանի հայտարարագրերը ավելի վաղ ևս արժանացել են մամուլի ուշադրությանը․ ըստ այդմ, կինը 134 միլիոն դրամի պարտք էր տվել ինքնասպան եղած գործարար Լևոն Ամիրխանյանին։
Ամուսինների հայտարարագրերը հիմա էլ են հետաքրքիր․ Նելլի Փոթեյանը որպես նվիրատվություն ստացել է 45 հազար ԱՄՆ դոլար և այդ գումարով բնակարան է ձեռք բերել։
Իսկ ամուսինը՝ Գերասիմ Մկրտչյանը, Վահագն Աշոտի Արսենյանին 6.6 միլիոն դրամով վաճառում է ավտոկայանատեղի, և նույն օրը 3.3 միլիոն դրամով ձեռք է բերում 2 ավտոկայանատեղի «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ֊ից, ըստ երևույթին Բյուրեղ թաղամասում, որտեղ Մկրտչյանը փաստաթղթերով չունի բնակարան։
Վահագն Արսենյանին ավտոկայանատեղին վաճառելու փաստը ավելի վաղ՝ 2021 թվականին, առկա էր Նելլի Փոթեյանի հայտարարագրում, սակայն բացակայում էր վաճառքից ստացված գումարի վերաբերյալ տեղեկությունը, և քանի դեռ ամուսինները չեն դրսևորել ընդդիմադիր կեցվածք, ենթադրելի է, որ նրանց հայտարարագրերը կմնան չստուգված։