Ներքին 2 ժամ առաջ - 15:47 14-11-2026

Պետական կառույցը մեկ շաբաթ մտածեց, մինչև վարչապետը հանձնարարեց. Պիպոյանը՝ կաթնամթերքի ստուգումների մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Կաթնամթերքի շուկայում արձանագրված խախտումների վերաբերյալ լաբորատոր բացահայտումներից հետո սպառողները դեռևս անորոշության մեջ են. սուպերմարկետների դարակներում շարունակում են վաճառվել նույն ընկերությունների արտադրանքները, իսկ քաղաքացիներն իրավացիորեն հարցնում են՝ ինչ ուտել, ինչ գնել և որ արտադրողին վստահել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք խախտումների վերաբերյալ հրապարակումները էական փոփոխության հանգեցրե՞լ են շուկայում, թե ամեն ինչ մնացել է նույնը, կարծիք հայտնեց, որ չի կարող ամեն ինչ մնալ նույնը, քանի որ անգամ պետական վերահսկողության ցածր մակարդակի ու դանդաղ տեմպի պայմաններում որոշ ընկերություններ իրենք են քայլեր ձեռնարկել։

«Առնվազն կան լաբորատոր պատասխաններ. իհարկե, տնտեսվարողի կողմից տարված նմուշներով, բայց նույն լաբորատորիաներից եկած պատասխանները փաստում են, որ կան ապրանքներ, որոնք այլևս չունեն մեր հայտնաբերած խնդիրները։ Բայց ավելի լավ արդյունք ունենալու համար ոչ թե տնտեսվարողը պետք է դա աներ, այլ պետական կառույցը»,- նկատեց նա։

ՀԿ նախագահը նշեց, որ պետական մարմինը արձագանքել է բավականին ուշացումով՝ միայն մեկ շաբաթ անց, այն էլ՝ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգում վարչապետին ուղղված լրագրողական հարցից և վարչապետի բանավոր հանձնարարականից հետո։

«Նախանցած ուրբաթ մենք ասուլիս տվեցինք ու խոսեցինք խախտումների մասին։ Մեկ շաբաթ անց, երբ բրիֆինգի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետին, և վարչապետը բանավոր հանձնարարեց զբաղվել խնդրով, նոր ստացանք գրավոր պատասխան, որ կիրականացվի վերահսկողություն։ Այսինքն՝ մեկ շաբաթ մտածելուց ու վարչապետի հանձնարարականից հետո նոր որոշեցին, որ չի կարելի քնած մնալ և անհրաժեշտ է ինչ-որ բան անել»,- ընդգծեց Պիպոյանը՝ նշելով, որ պետք է Տեսչական մարմնին հարցել՝ թե ինչ է արել այս ընթացքում։

Անդրադառնալով քաղաքացիների մտահոգությանն ու հարցադրումներին, թե որ արտադրողին վստահել, Պիպոյանը հիշեցնում է իրենց նախորդ ուսումնասիրության պատկերը. կաթի շուկայում վիճակը վատ չէր, թթվասերների դեպքում ընդամենը մի քանի խախտում կար, իսկ հիմնական խնդիրը կապված էր կաթնաշոռերի հետ։

«Կաթնաշոռերի հետ կապված՝ խորհուրդ եմ տվել մեր հայրենակիցներին օգտագործել ջերմային մշակման միջոցով, օրինակ՝ թխելով (տվառոժնիկ և այլն) կամ խմորի մեջ տեղադրելով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է խանութներում վաճառվող արտադրանքների ընտրությանը, Պիպոյանը պարզաբանում է, որ այս պահին չի կարող կոնկրետ ուղղորդում անել, քանի որ մի շարք ընկերություններ արդեն նոր նմուշներ են ներկայացրել փորձաքննության։

Ամփոփելով իրավիճակը՝ Բաբկեն Պիպոյանը շեշտում է, որ հասարակական կազմակերպությունը չի կարող փոխարինել պետական լիազոր մարմնին. «Ինչքան ուզում է հանրային վերահսկողություն լինի, ինչ-որ փուլից սկսած այդ հանրային վերահսկողությունը պետք է ուղղված լինի հենց պետական վերահսկողության նկատմամբ, որպեսզի իրենք օրենքով սահմանված կարգով գնան ու իրենց հասանելիք աշխատանքը կատարեն»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց

Ձեզ գուցե հետաքրքրի