Հաքերները կոտրել են ավտոմեքենաների տեխնիկական զննության ֆրանսիական ծառայությունների տվյալների շտեմարանները և հասանելիություն ստացել միլիոնավոր հաճախորդների անձնական տեղեկություններին։
Ինչպես նոյեմբերի 9-ին հայտնել է TF1 հեռուստաալիքը, տվյալների արտահոսքը վերաբերել է շուրջ 23 մլն ավտովարորդի։
Հարձակման թիրախ են դարձել SGS միջազգային խմբի կազմում ընդգրկված Securitest, Auto Sécurité և Verif'Autos ընկերությունները։ Չարագործների ձեռքում են հայտնվել ավտոմեքենաների պետհամարանիշները, դրանց մոդելների մասին տեղեկությունները, ինչպես նաև հաճախորդների անձնական գործերը։
Գողացված տեղեկությունների թվում են ավտոմեքենաների սեփականատերերի անուններն ու հասցեները։ Այս տվյալները կարող են օգտագործվել խարդախության և այլ թիրախային հարձակումների համար։