Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի համատիրությունների համակարգը
«պորտաբույծ» որակելուց և բարեփոխումների հրահանգներից հետո, ուշադրության կենտրոնից դուրս են մնացել մարզերում գործող կառույցները։ Այնինչ, մարզային նորակառույցներում իրավիճակն ավելի քան մտահոգիչ է։
Օգտվելով օրենսդրական բացերից և վերահսկողության բացակայությունից՝ կառուցապատողների կողմից ձևավորված համատիրությունները սեփական կամայական սակագներն են թելադրում բնակիչներին, իսկ դժգոհությունների դեպքում՝ անցնում բացահայտ «պատժիչ» գործողությունների։
Այս մասին ահազանգում է փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը, ով ներկայացնում է Ծաղկաձորի «Ալվինա» համալիրի (նորակառույց բազմաբնակարան շենք) բնակիչների շահերը։ Շենքի սպասարկումն իրականացնում է կառուցապատողի կողմից ընտրված «Օլիմպռեզիդենս» համատիրությունը։
Ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի՝ եթե նորակառույց շենքի բնակիչները սահմանված ժամկետում իրենք չեն ընտրում կառավարման մարմին, կառուցապատողն իրավունք ունի շենքի կառավարումը փոխանցել իր նախընտրած համատիրությանը։ Հենց այստեղ էլ սկսվում են չարաշահումները։
«Քաղաքապետ Ավինյանը անդրադարձավ բացառապես Երևանում գործող համատիրություններին, բայց ստացվեց, որ մարզերում կան համատիրություններ, այդ թվում՝ նորակառույցներին կից գործող համատիրություններ, որոնք մնացին այս փոփոխությունների հրահանգից դուրս։ Նորակառույց շենքերի կողմից ընտրված համատիրությունները, իմ կարծիքով, կոնկրետ նպատակ են հետապնդում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Թարջիմանյանը, ով նաև տվյալ շենքի բնակիչ է։
Փաստաբանի փոխանցմամբ՝ շենքը գնելուց հետո միայն բնակիչները պարզել են, որ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները (կաթսայատունը, պոմպակայանը) չեն փոխանցվել բնակիչների համատեղ սեփականությանը կամ մասնագիտացված օպերատորներին (օրինակ՝ «Վեոլիա ջրին»)։
Փոխարենը, կառուցապատողը կաթսայատունը վարձակալությամբ հանձնել է իր իսկ ստեղծած համատիրությանը, որն էլ սկսել է միլիոնավոր դրամների անհասկանալի հավաքագրումներ իրականացնել։ Ավելին՝ համատիրությունը ֆինանսական թափանցիկության վերաբերյալ հարցումներին պատասխանելու փոխարեն դիմում է ապօրինի լծակների։
«Նախկինում տվել եմ տեղեկություն այն մասով, որ ապօրինի
ջրանջատում է անում, մեզ իր ծախսերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում, երբ հարցում ենք անում՝ «զսպում է» ջրանջատում կատարելու սպառնալիքով, մեզ պատժում է՝ մեր ջուրն անջատելով, հոսանքից զրկելով։ Ինչ-որ ահավոր, հայավարի ասած՝ բարդակ վիճակ է իրականում այս շենքի կառավարման մարմնի մոտ։ Համատիրությունը կատարում է տարբեր կոմունալ սպասարկումների հետ կապված իրավախախտումներ, մասնավորապես՝ անջատում է, զրկում է և այլն՝ այս ձևով մեզ զսպելով, որ մենք հարցումներ չանենք, չհետաքրքրվենք, մեր իրավունքները չիրացնենք»,- իրավիճակը ներկայացնում է մեր զրուցակիցը։
Վերջինիս խոսքով՝ ըստ ուսումնասիրությունների, «Օլիմպռեզիդենս» համատիրությունը ստեղծվել է 2025 թվականի հուլիսին, իսկ բնակիչներից գումարներ է հավաքել արդեն օգոստոսից։ Սակայն կառուցապատողը շենքի կառավարումը պաշտոնապես համատիրությանը փոխանցել է միայն 2026 թվականի հունվարին։
«Մեծ հարցական է մնում՝ օգոստոսից մինչև հունվար ամիսը ինչի՞ հիման վրա է «Օլիմպռեզիդենսը» մեզանից այդ միլիոնավոր գումարները հավաքագրել։ Որ հարցնում ենք՝ ջրի սակագինը ոնց եք որոշել, ինչ-որ հեքիաթային, անհասկանալի մեկնաբանություններ են տալիս՝ իրավաբանությունից դուրս»,- ասում է Թարջիմանյանը։
Տեղեկացանք, որ երեք բնակիչներ արդեն դատական հայց են ներկայացրել ընդդեմ համատիրության ապօրինությունների։ «Վերջին դատական նիստի ընթացքում լսում եմ, որ համատիրության իրավաբան ներկայացող անձը նշում է, որ մեր շենքը համարվում է «բարձր եկամուտ ունեցող անձանց շենք»։
Հենց նիստի ժամանակ համատիրության չակերտավոր իրավաբան ներկայացող անձ Դավիթ Վարդանյանն ասում է․ «Ես ի՞նչ մեղավոր եմ, որ դուք շենքը գնելուց քաղաքաշինական նորմերին չեք ծանոթացել, իրազեկ չեք եղել, որ բարձր եկամուտ ունեցող անձանց շենքում եք բնակարան գնում»»,- իրավաբանի խոսքերը փոխանցում է մեր զրուցակիցը։
Փաստաբանը շեշտում է, որ նման քաղաքաշինական կամ իրավական ձևակերպում ու տարբերակում Հայաստանի օրենսդրության մեջ գոյություն չունի, և նման պնդումները չունեն իրավական հիմնավորում՝ ըստ էության քողարկելով գանձվող բարձր սակագները։
Բացի քաղաքացիական դատական հայցերից, շենքի կոմունալ ծառայությունների ապօրինի անջատումների և ֆինանսական գանձումների օրինականության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված է քրեական վարույթ՝ համատիրության կառավարչի կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու հատկանիշներով։
Լիլիթ Թարջիմանյանի խոսքով՝ սա եզակի դեպք չէ։ Նախորդ հրապարակումներից հետո բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել, ովքեր մարզային տարբեր նորակառույցներում բախվել են նույնատիպ կոլապսի։
Բնակիչները վճարում են աստղաբաշխական գումարներ, սակայն զրկված են սեփական գույքը կառավարելու և իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, քանի որ համատիրությունները գործում են ոչ թե հանուն բնակչի, այլ հանուն կառուցապատողի բիզնես շահերի։
Հասմիկ Մովսիսյան