Ներքին Արտաքին 18 րոպե առաջ - 23:02 08-11-2026

Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից մեկնելուն և արտերկրում հավատացյալների հետ հանդիպելուն խոչընդոտելու փորձերի մեջ։ Այս մասին նա հայտարարել է Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ հավատացյալներին ուղղված ուղերձում։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք Եկեղեցու հալածանքի քաղաքականություն են վարում, մեզ զրկել են այս օրվա ուրախությունը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կիսելու հնարավորությունից»,- ասել է արքեպիսկոպոսը։

Ըստ նրա, կաթողիկոսը պետք է ներկա լիներ հանդիսավոր միջոցառմանը, հավատացյալներին փոխանցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը։

Սակայն, ինչպես նշել է արքեպիսկոպոսը, իշխանությունները փորձում են խոչընդոտել նրա մեկնումը Հայաստանից։

«Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքների միջոցով փորձում են խոչընդոտել Նորին Սրբության՝ Հայաստանի սահմաններից դուրս գալուն և աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին այցելելուն», — հայտարարել է նա։

Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ, չնայած առաջացող դժվարություններին, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է համախմբել հավատացյալներին։

«Ինչ փորձություններ էլ բաժին ընկնեն Եկեղեցուն, ինչ խոչընդոտներ էլ առաջանան նրա ճանապարհին, այդ ամենն անցողիկ է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ», — ասել է Ներսիսյանը։

Նա նաև հավատացյալներին կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար՝ մաղթելով նրան հոգևոր ամրություն, ուժ և Աստծո օգնությունը հայրապետական ծառայության մեջ։ Ուղերձի ավարտին արքեպիսկոպոսը եկեղեցու հետևորդներին կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը Հայրենիքին, Հայ Առաքելական Եեկեղեցուն և նախնիների ժառանգությանը։