Միչիգանից ԱՄՆ նորընտիր սենատոր, դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու նահանգի բնակիչների շահերից բխող համատեղ աշխատանքը՝ չնայած նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած փոխադարձ վիրավորանքներին։
«Ես երբեք չեմ հանդիպել այդ մարդուն։ Նա Միացյալ Նահանգների նախագահն է, իսկ ես՝ Միչիգան նահանգից ԱՄՆ նորընտիր սենատորը։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ, ինչպես նաև ցանկացած այլ մարդու, որը կօգնի առաջ մղել այն նպատակները, որոնց համար առաջադրվել եմ՝ քաղաքականությունն ազատել փողի ազդեցությունից, ավելացնել քաղաքացիների եկամուտները և ընդունել համընդհանուր բժշկական ապահովագրության մասին օրենք»,- կիրակի օրը ABC հեռուստաընկերության This Week հաղորդման եթերում հայտարարել է Էլ-Սայեդը։
Նրա կարծիքով, եթե Թրամփը լուրջ է տրամադրված, իրենք կարող են համագործակցել այս հարցերը լուծելու համար։
«Բայց եթե նա պատրաստվում է շարունակել խաբել մարդկանց, ապա Սպիտակ տունը ղեկավարելու համար կնշանակի Սթիվեն Միլերի նման մարդկանց։ Իսկ դրանից հետո ինքն է որոշելու, թե որ ուղղությամբ շարժվի»,- հավելել է սենատորը։
Միջանկյալ ընտրություններին ընդառաջ Թրամփը բազմիցս քննադատել է Էլ-Սայեդին՝ անդրադառնալով նաև նրա մուսուլմանական դավանանքին։ Ի պատասխան՝ անցած շաբաթ ընտրություններում տարած հաղթանակից հետո դեմոկրատը ԱՄՆ նախագահին անվանել է «անլուրջ հիմար», իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ «վախկոտ»։
Միաժամանակ Էլ-Սայեդը հստակեցրել է, որ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու կոնկրետ ծրագրեր առայժմ չկան։
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել էր, որ հանդես կգա հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին: