Մամուլ 1 ժամ առաջ - 07:28 04-11-2026

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ առաջարկել էր Շաքիի դեպքի առնչությամբ ԱԺ որոշման նախագիծ ընդունել։ Հարցի շուրջ երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության մասնակցությամբ։

Նպատակն էր հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինված անձը ներխուժի հայկական տուն, բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, և ինչու ոստիկանությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը։

Այժմ, ըստ մեր տեղեկությունների, հարցը տեղափոխվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման դաշտ։ Սակայն ուշագրավ է, որ քննարկումը կարող է անցկացվել փակ դռների հետևում։ Սա նշանակում է, որ պատգամավորները հնարավորություն կունենան իրավապահներից պահանջել պարզաբանումներ, բայց հանրությունը, հնարավոր է, չկարողանա ամբողջությամբ տեղեկանալ դրանց բովանդակությանը։

Շաքիի դեպքի շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Հինգշաբթի օրվա քննարկումը պետք է ցույց տա՝ իրավապահները որքանով են պատրաստ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար, և արդյոք պատգամավորներին կհաջողվի ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել