Իրանը միջնորդների միջոցով ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Միացյալ Նահանգների հետ, և արդյունքը կախված է ամերիկյան կողմի որոշումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Միջնորդների (Կատարի և Պակիստանի) միջոցով (ԱՄՆ-ի հետ – խմբ.) խորհրդակցությունները շատ ինտենսիվ են։ Մենք մեր պայմաններն ու առաջարկներն ենք ներկայացրել, հիմա ամեն ինչ կախված է Վաշինգտոնի քաղաքական դատողությունից»,- ասել է նա, ըստ IRNA լրատվական գործակալության։
Արաղչին հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես ռազմական պատասխանի, այնպես էլ հակամարտության դիվանագիտական լուծման՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը բացելու Իրանի պայմանները չափազանց հստակ և թափանցիկ են։ Եթե դրանք ընդունվեն, նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն։ Հակառակ դեպքում, ներկայիս իրավիճակը կպահպանվի, և Իրանը որևէ զիջման չի գնա։