Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 14:00 02-11-2026

ՀՀ ռեկորդային պետբյուջեն, նոր տուգանքներ ապօրինի շինաղբի համար, ԱՄՆ-ի ընտրությունները․ Ամփոփ լուրեր

3 տրիլիոն 604 միլիարդ դրամ կամ ուղիղ 10 միլիարդ դոլար․ ահա այսպիսին է լինելու 2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ռեկորդային այս թվերն է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծն ու զուգահեռներ անցկացնելով նախորդ տարիների հետ։ Ըստ կառավարության ղեկավարի՝ 2017 թվականի համեմատ բյուջեի եկամուտներն աճում են շուրջ 191 տոկոսով, ինչը նշանակում է, որ պետության եկամտային մուտքերը փաստացի եռապատկվում են։ Փաշինյանի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կրկնակի՝ 223 տոկոսով, պլանավորվում է ավելացնել նաև կապիտալ ծախսերը։ Բայց ֆինանսական ռեկորդներից զատ, ԱԺ ամբիոնից հնչեց նաև ուղղակի սպառնալիք ընդդիմության հասցեին։ Փաշինյանը հայտարարեց՝ եթե ընդդիմությունը կասեցնի նոր Սահմանադրության ընդունումը, դա կնշանակի, որ նրանք դեմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Վարչապետի խոսքով՝ այդ դեպքում ընդդիմության նկատմամբ միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու, իսկ իշխանությունը անձամբ է առաջնորդելու այդ ճնշումը։


Շաքիի աղմկահարույց միջադեպից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն հանրության համար ամենաէական հարցերը շարունակում են մնալ անպատասխան։ Թեմային իր գրառման մեջ անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա մասնավորապես նշում է, որ հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ թեև այս ընթացքում պաշտոններից հեռացվեցին ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյո՞ք նրանց պաշտոնանկությունը կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե՞ այլ դրդապատճառներ ուներ։ Նախկին պատգամավորը վստահեցնում է՝ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, սակայն փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը։


Արտառոց ու աղմկահարույց դեպք Երևանում․ Դավթաշենի ոստիկանություն է դիմել 37-ամյա մի կին և հայտնել, որ 2016 թվականից ի վեր տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ Ըստ տուժողի հայտարարության՝ ամուսնու ծնողները դիմել են կեղտոտ մեթոդների․ վարձել են աղջիկների՝ ամուսնուն գրելու համար, տարածել են պիղծ տեղեկություններ, ինչպես նաև վարկաբեկող նյութեր են հրապարակել անչափահաս երեխայի տեսանյութի վրա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ 62-ամյա սկեսուրն ու 69-ամյա սկեսրայրը հոկտեմբերին կնոջից պահանջել են նախ 3 հազար, ապա՝ 6 հազար դոլար՝ սպառնալով չվճարելու դեպքում տարածել արատավորող տեղեկություններ։ Գումարը չստանալով՝ նրանք «Facebook»-ում արժանապատվությունը վիրավորող հրապարակում են արել։


Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի երթևեկությանն ու մաքրությանը խոչընդոտող երկու խոշոր խնդրի։ Առաջինը երթևեկության կազմակերպումն է․ Ավինյանի խոսքով՝ խաչմերուկների մոտ արգելող հատվածներն ավելացվում են, սակայն ամենամեծ խոչընդոտը քարշակների ոչ բավարար քանակն է։ Քաղաքապետը շեշտել է՝ ընդամենը 1-2 քարշակով անհնար է կառավարել Երևանի երթևեկությունը, և առաջիկայում քարշակների թիվը կտրուկ ավելացվելու է՝ ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ կամ պատվիրակված ծառայություններով։ Քաղաքապետարանում արձանագրել են նաև, որ աղբամաններում զանգվածաբար շինաղբ է լցվում, ինչն անթույլատրելի է։ Ավինյանը հայտարարեց, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններով ֆիքսելու են բոլոր այն վայրերն ու անձանց, որոնք ապօրինի շինաղբ են թափում քաղաքային աղբամաններում։



Ողբերգություն Միացյալ Նահանգներում․ Ֆլորիդա նահանգում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տվյալների՝ օդանավում գտնվող բոլոր 9 անձինք տեղում մահացել են։ New York Post-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը նախ հարվածել է ծառին ու էլեկտրահաղորդման գծերին, ապա ամբողջ արագությամբ մխրճվել բնակելի տան մեջ։ Հարվածից անմիջապես հետո հզոր պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է խոշոր հրդեհը։ Շինությունն ամբողջությամբ փլուզվել է, իսկ ինքնաթիռի բեկորները ցրվել են մեծ տարածությամբ։



Սենսացիոն բացահայտում Wall Street Journal-ից․ Միացյալ Նահանգները ձգտում է վերսկսել ռուսական գազի մատակարարումը Եվրոպա՝ Ուկրաինայի տարածքով։ Սա Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի շուրջ գաղտնի բանակցությունների մասն է։ Թերթի տվյալներով՝ ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Վիտկոֆն առաջարկում են ռուսական գազը Եվրոպային վաճառել ամերիկյան միջնորդի միջոցով։ Սա թույլ կտա շրջանցել պատժամիջոցներն ու միլիարդավոր դոլարներ ապահովել ԱՄՆ ներդրողների համար։ Վաշինգտոնն ակնկալում է համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումը՝ հույս ունենալով, որ սա կստիպի Ռուսաստանին դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Սակայն ծրագիրը Եվրոպայում բախվում է կոշտ դիմադրության։ Եվրամիությունը մինչև 2027 թվականը ծրագրել էր իսպառ հրաժարվել ռուսական գազից, որի մասնաբաժինը 45 տոկոսից արդեն իջել է 11-ի։



Ընդամենը մեկ օր է մնացել ԱՄՆ միջանկյալ ընտրություններին, և Վաշինգտոնում լարվածությունը հասել է գագաթնակետին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա քաղաքական թիմը վերջին, վճռորոշ գրոհն են իրականացնում քարոզարշավի ավարտին։ Վաղը՝ նոյեմբերի 3-ին, քվեարկության են դրվելու Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը։ BBC-ի փոխանցմամբ՝ Թրամփն անցած հանգստյան օրերին անհապաղ հանրահավաքներ է անցկացրել Կանզասում, Ֆլորիդայում և Այովայում։ Սրանք նահանգներ են, որոնք նախկինում հանրապետականների անառիկ բաստիոնն էին, իսկ այժմ վերածվել են թեժ մրցակցային գոտիների։ Այս պահին Կոնգրեսի երկու պալատներն էլ դեռ հանրապետականների ձեռքում են․ Սենատում հարաբերակցությունը 53-ը 45-ի դիմաց է, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 218-ը 214-ի։ Դեմոկրատներին ընդամենը մի քանի տեղ է պակասում մեծամասնությունը հետ խլելու համար, և փորձագետները պնդում են՝ նրանց շանսերն ավելի քան իրական են։ Առաջին նախնական արդյունքները հայտնի կդառնան վաղը ուշ գիշերվանից, երբ Արևելյան ափին կփակվեն ընտրատեղամասերը։

Մանրամասները՝ տեսանյութում: