ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու նպատակ չունի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
«Մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման վերաբերյալ։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության հարատևության, բարեկեցության, զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման նպատակներ», -նշել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ Անկախության հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս ժամանակավրեպ են, թեև հռչակագիրը հնարավոր չէ ջնջել պատմությունից։
Նախարարը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները շարունակվում են, իսկ վերջնական տեքստի պատասխանատվությունը կրելու է Արդարադատության նախարարությունը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կշարունակի մասնակցել քննարկումներին, սակայն նախագիծը կհրապարակվի նախարարության անունից։
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին՝ Գալյանն ընդգծել է, որ քաղաքական ուժերը չպետք է խոչընդոտեն ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով իր կամքն արտահայտելու հնարավորությանը։