Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 13:19 02-11-2026

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառման շրջանակում, շարունակել է աշխատանքային հանդիպումները։

Աշխատանքային այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի հարկային և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) մաքսային ուղղության տնօրեն Մաթիաս Պեչկեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության ընթացիկ և հնարավոր ուղղությունները։

Մասնավորապես, քննարկվել են ԵՄ-ի հետ մաքսային ոլորտում ծրագրերի իրականացման միջոցով համագործակցության հեռանկարները, Ընդհանուր տրանզիտային կոնվենցիային (CTC) և Նոր համակարգչային տրանզիտային համակարգին (NCTS) առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին և ապրանքների ժամանումից առաջ տեղեկատվության տրամադրման մեխանիզմներին։

Աշխատանքային այցի շրջանակում ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Գուո Սյուեյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ մաքսային համագործակցության զարգացմանը՝ հատկապես նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչման ուղղություններով։

Հայկական կողմը ներկայացրել է ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների ուղղակի երկկողմ փոխանակման ձևաչափով առաջ շարժվելու իր նախընտրությունը։ Քննարկվել են լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաթղթի վերջնական համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման հարցերը։ Հայկական կողմը տեղեկացրել է ներպետական ընթացակարգերի գրեթե ավարտված լինելու մասին և հայտնել ստորագրմանն անցնելու պատրաստակամությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի