Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 30-ի ամփոփ լուրերը:
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ամերիկացի պրոֆեսորին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Բաքուն փորձում է անցյալը հետևում թողնել և նայում է դեպի «հավերժական խաղաղություն»։ Նա նշել է, թե դեպի ծով ելք չունեցող Հայաստանին առաջարկում են դարձնել տարածաշրջանի հետ կապակցված երկիր՝ բացելով տրանսպորտային ուղիները և հավելել, որ կողմերն արդեն հաստատել են առևտրային կապեր։
Այսօր քաղաքական դաշտում նոր Սահմանադրության շուրջ զարգացումներն են։ Արտգործնախարարն ասել էր, թե հրաժարական կտան, եթե նոր Սահմանադրությունը տապալվի։ Իշխանական պատգամավորները, սակայն, հայտարարում են, որ դա իրենց հետ համաձայնեցված չէ։ Փոխարենը՝ նրանք չեն բացառում, որ Մայր օրենքը կարող են քննարկել Բաքվի հետ։ Ընդդիմությունից էլ հակադարձում են՝ նախագիծն անվանելով «ալիևյան Սահմանադրություն»։
Միջազգային հարթակներում շարունակվում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունները։ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է առավելագույնս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։ Զուգահեռաբար, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես ողջունել է Երևանի ու Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման կարևորությունը։
Ազգային ժողովում քննարկվել են առցանց տաքսի ծառայությունների բարձր միջնորդավճարներն ու գնագոյացման հարցերը։ Քաղաքացիներին հուզող թիվ մեկ խնդիրը պարզ է՝ գների անհիմն աճ, ծառայության վատ որակ և վարորդների ոչ պատշաճ պահվածք։ Ստեղծված իրավիճակում պատգամավորներն առաջարկել են տաքսիների ոլորտում ևս կիրառել սակագնային կարգավորումներ՝ ջրի, գազի կամ էլեկտրականության նման։ Մրցակցության հանձնաժողովի թեկնածուն, սակայն, նշել է, որ մրցակցային խնդիրներ չեն հայտնաբերվել, իսկ ուղևորների ռեյտինգի ու գնագոյացման կապի վերաբերյալ ինքը տեղեկություն չունի։ Ստացվում է մի իրավիճակ, երբ մի կողմից քաղաքացին վճարում է բարձր գին՝ ստանալով ցածր որակի ծառայություն, իսկ մյուս կողմից՝ ոլորտի պատասխանատուն անգամ տեղյակ չէ գնագոյացման բնականոն մեխանիզմներից։ Երբ պետական մակարդակով չկա հստակ պատկերացում, թե ինչպես է աշխատում թվային տնտեսությունը, տուժողը, միևնույն է, մնում են վարորդն ու քաղաքացին։
ԿԳՄՍ-ն հանրային քննարկման է ներկայացրել ատեստավորման նոր նախագիծը, որով նախատեսվում է ուսուցչի դրույքաչափը դարձնել 300 հազար դրամ։ Այդ դրույքաչափը սահմանվելու է միայն 2028 թվականից, այն էլ՝ ատեստավորման երկրորդ փուլում բարձր տոկոսներ ապահովելու դեպքում։ Այստեղ, սակայն, ուշագրավ հակասություն կա։ Եթե նախկինում Ժաննա Անդրեասյանն ու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էին, թե ատեստավորումն անցած ուսուցիչները կարող են ստանալ մինչև 600 հազար դրամ աշխատավարձ, պաշտոնական նախագծով դրույքաչափը սահմանվում է ընդամենը 300 հազար Փաստորեն, խոստացված 600 հազարն թղթի վրա դառնում է 300 հազար, այն էլ՝ երկու տարի անց. իսկ թե ինչ կմնա այս թվերից մինչև 2028 թվականը, ցույց կտա ժամանակը։
Արագածոտնի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մտել է անասնագոմ ու հոշոտել ավելի քան 60 գառ։ Գյուղացիները պատմում են, որ նախկինում արջերն էին վնաս հասցնում, բայց գայլերի նման սպանդ երբեք չէր եղել։ Տուժած ընտանիքը դիմել է ոստիկանություն և ակնկալում է մարզպետարանի աջակցությունը։ Զուգահեռաբար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Հայտնի է դարձել, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամից դուրս է գրվել ավելի քան 1 միլիարդ դրամ՝ 5564 արցախցի աշխարհազորայինների ընտանիքներին հատկացնելու համար։ Սա այն դեպքերից է, երբ փաստաթղթերով ամեն ինչ հստակ արձանագրված է եղել պատերազմի ավարտից ընդամենը 43 օր անց։ Փաստորեն, ֆինանսական ցուցակներ կազմելու համար ընդամենը 43 օրը բավարար էր, իսկ հայրենիքի համար նահատակված կամ անհետ կորած տղաների ամբողջական անվանացանկը հստակեցնելու և պաշտոնապես մեկ ամբողջական ցուցակով ներկայացնելու համար արդեն վեց տարի է, ինչ ժամանակը դեռ չի հերիքում։
Տեսանյութ: