Ուղիղ եթեր
Սպորտ 57 րոպե առաջ - 20:46 29-10-2026

Վրիպած 11-մետրանոց, համառ դիմադրություն և հանգուցալուծում լրացուցիչ ժամանակում․ Արարատ-Արմենիան քառորդ եզրափակիչում է

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Օլիմպիան» Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում ուժերը չափեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։

Հանդիպումը բավականին լարված և դրամատիկ ընթացք ունեցավ։ Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալիունե Նդուրն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը։

Սակայն «Օլիմպիան» չհանձնվեց և արդեն 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը․ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գիլյերմե Օլիվեյրա Ժեզուսը (1:1)։ Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, հյուրերը հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն դուբլ ձևակերպելու շանս ունեցող Ալիունե Նդուրն այս անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից՝ հարվածելով բավականին շեղ։

Հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, և պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն վճռորոշ եղավ գործող չեմպիոնի փորձն ու խաղային բարձր կարգը։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին (105+3′) Բենին առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։

115-րդ րոպեին Մաքսենս Կարլիեն ամրապնդեց իր թիմի առավելությունը, իսկ 119-րդ րոպեին Կառլոս Ֆրանսան վերջակետ դրեց հանդիպմանը՝ ձևակերպելով վերջնական 4:1 հաշիվը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճեց Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։