Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 23-ի ամփոփ լուրերը:
Ստեփանավանում ընտրակաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է ևս 10 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ հիշյալ գործով մեղադրանք է ներկայացվել ընդհանուր առմամբ 24 անձի։
Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր, որ Ստեփանավանում խուզարկություններ են իրականացվել քաղաքացիների տներում, ինչից հետո ձերբակալվածներին տեղափոխել են Երևան։
Լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում։ Գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հատուկ տեխնիկայով ապամոնտաժվել է Զորավար Անդրանիկի՝ քարերով հավաքված մեծադիր նկարը, ինչը տեղի բնակիչների զայրույթն է առաջացրել։
Ըստ տեղեկությունների՝ ապամոնտաժման որոշումը կայացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Բնակիչները, որոնք օրեր շարունակ հերթապահություն էին անում դպրոցի մոտ, սպառնում են դիմել կտրուկ քայլերի և փակել ճանապարհները, եթե հուշանկարը չտեղադրվի գյուղի՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում
«Մարտունի խոշորացված համայնքում արձանագրվել են ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների վրա, ինչն օրենքով խստիվ արգելվում է։
Թեև նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, ապօրինի տեղադրված պաստառները մինչ օրս հեռացված չեն։ Ակնկալվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քայլեր կձեռնարկի արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ»։
Տեսանյութ: