Oragir.News-ին հասած տեղեկություններով Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և «Գանձոր» ՀԿ-ի միջև ծառայողական ավտոմեքենայի շուրջ ծավալված վեճի պատճառով համայնքի 17 անմեղ բնակիչներ ներքաշվել են դատական քաշքշուկների մեջ։
Քաղաքացիները, վստահելով տեղական իշխանություններին, ստորագրել են մի փաստաթուղթ, որի բովանդակությունը ավելի ուշ պարզվել է, որ ներառել է զրպարտչական հայտարարություններ, ինչի հետևանքով ՀԿ փոխնախագահը դիմել է դատարան։
Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել «Գանձոր» ՀԿ փոխնախագահ Արման Ղազարյանի հետ, ով հաստատել է մեր ունեցած տեղեկությունները և ուշագրավ փաստեր հայտնել այդ վիճահարույց փաստաթղթի վերաբերյալ. «Այո, տեղեկությունը իրականությանը համապատասխանում է։ Իմ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և վնասի հատուցման պահանջով դիմել եմ դատարան՝ հերքում և հատուցում պահանջելով։
Պատասխանող կողմը Արսեն Աղաբաբյանն է, իսկ մնացած 17 հոգին հրավիրված են որպես երրորդ կողմ։ Դա նվազագույնն էր, որ կարող էի անել՝ մտածելով, որ այդ մարդիկ գուցե կապ չեն ունեցել, ես իրենց որպես պատասխանող չեմ ընդգրկել»,- ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ համայնքի բնակիչները պարզապես խաբվել են. «Այն փաստաթղթում, որը ներկայացրել է 18 հոգու ստորագրությամբ, իմ մոտ հենց սկզբից տարակուսանք հարուցեց։ Մարդկանց հետ խոսում էի, ասում էին՝ «Հա, մենք ստորագրել ենք նիստի օրակարգ հրավիրելու համար», բայց ոչ ոք ամբողջությամբ չի կարդացել բովանդակությունը։ Ունեմ հիմնավոր կասկածներ, որ մարդիկ ստորագրել են ուրիշ օրակարգի տակ, բայց իրենց ստորագրությունները հայտնվել են լրիվ ուրիշ փաստաթղթի տակ։ Այդ փաստաթղթի բնօրինակն ինձ այդպես էլ չեն տրամադրել»։
Որպեսզի պարզ լինի, թե ինչից է ծագել վեճը՝ Արման Ղազարյանը որոշ մանարամասներ է հայտնել։ Ըստ նրա, ամեն ինչ սկսվել է ամիսներ առաջ, երբ «Գանձոր» հասարակական կազմակերպությունը ՄԱԶԾ-ի (UNDP) կողմից և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված հաջողված ծրագրի ավարտին, որպես նվիրատվություն, ստացել է ծառայողական ավտոմեքենա։
Թեև մեքենան պայմանագրով պատկանում է բացառապես ՀԿ-ին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ով այդ ժամանակ նաև ՀԿ նախագահն էր, պահանջ է ներկայացրել, որ մեքենան տրամադրվի իրեն՝ վկայակոչելով ինչ-որ բանավոր համաձայնություններ։
«Գանձոր» ՀԿ փոխնախագահ ու ծրագրերի կառավարիչ Արման Ղազարյանը և գործադիր տնօրենը հրաժարվել են կատարել համայնքապետի պահանջը՝ առաջնորդվելով կանոնադրությամբ։
Այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ. Արսեն Աղաբաբյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, բլանկներով ու կնիքներով հորդորել է անդամներին չգնալ ՀԿ հերթական նիստերին, տապալել է քվորումները, իսկ ավելի ուշ նախաձեռնել է նոր նիստեր՝ Արման Ղազարյանին ու նրա գործընկերոջը կառավարումից չեզոքացնելու և կանոնադրությունը փոխելու նպատակով։
Պատմության ամենատհաճ շրջադարձը եղել է հուլիսի վերջին։ Համայնքի ղեկավարի խորհրդականը բնակիչներին է մոտեցրել մի փաստաթուղթ՝ խնդրելով ստորագրել, իբրև թե համայնքային նիստի օրակարգ հրավիրելու համար։
Համայնքում հարգված մարդիկ՝ դպրոցի տնօրեն, վարչական ղեկավարներ, հայտնի գյուղատնտեսներ ու բիզնեսմեններ, վստահելով տեղական իշխանությանը, ստորագրել են այն։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ այդ թղթի բովանդակության մեջ ներառված են եղել Արման Ղազարյանին վարկաբեկող, ֆինանսական չարաշահումների և փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրող զրպարտչական հայտարարություններ։
Արդյունքում՝ Արման Ղազարյանն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար դիմել է դատարան, իսկ այդ ստորագրահավաքի տակ հայտնված 17 բնակիչներն իրենց կամքից անկախ, որպես երրորդ կողմ, ներքաշվել են դատական քաշքշուկների մեջ և այսօր կանչվել դատարան։
Արման Ղազարյանը նաև բացահայտեց խնդրի մեկ այլ՝ ավելի խորքային կողմ, որը վերաբերում է համայնքում իրականացված խոշոր ենթակառուցվածքային ծրագրին. «Ծրագրի ավարտին բացել ենք մարզասրահ (բիզնես կենտրոն)՝ ավելի քան 700 քմ տարածքով, գերհագեցած։ Մարզասրահի հետ կապված էլ են խնդիրները շարունակվում․ խոսակցություններ կային, որ այս մարզասրահի տնօրենը պետք է դառնա Արսեն Աղաբաբյանի տղան։
Իմ մոտ տպավորություն է, թե Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են, ու համայնքի ղեկավարը համարում է, որ այն, ինչ կա համայնքում, իրենն է, ու ժառանգության սկզբունքով փոխանցելու է տղային։ Ինձ հեռացնելով ՀԿ-ից ու մարզասրահի տնօրենի պաշտոնից՝ հաջորդ քայլով տնօրեն է նշանակելու իր տղային»։
«
Oragir.News-ի փորձերը՝ պարզաբանում ստանալ նաև համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանից, ապարդյուն անցան, և մեր զանգերը մնացին անպատասխան։
Հավելենք, որ
Oragir.News-ը պատրաստ է լսել նաև պատասխանող կողմի պարզաբանումն ու տեսակետը՝ սեփական փաստերը ներկայացնելու համար։
Հասմիկ Մովսիսյան