Ներքին 1 ժամ առաջ - 16:00 23-10-2026

Ինչ է տեղի ունեցել իրականում 113 դպրոցում. քաղաքապետարանի պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է հետևողական լինել Երևանի Նորիկ Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոցի շուրջ հասունացած աղմկահարույց միջադեպի զարգացումներին:

Հիշեցնենք, որ Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ (Հոգեբանական տրավմաներ՝ ներառական դպրոցում. ծնողների բողոքն ու մանկավարժների «թաքուն» ահազանգը ) անդրադարձել էր առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի ահազանգին: Ըստ նախնական տեղեկությունների՝ խոսքի խանգարում ունեցող երեխան հրաժարվել էր դպրոց հաճախել, իսկ ծնողը դպրոցի տնօրինության կողմից բախվել էր անհարգալից վերաբերմունքի և «միլիոններ ծախսելու» մասին կշտամբանքների, ինչպես նաև վեր էր հանվել դպրոցում լոգոպետի սենյակի բացակայության խնդիրը:

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ճշտելու, թե արդյոք հանրակրթության վարչությունը ծառայողական քննություն նշանակե՞լ է դպրոցում տիրող իրավիճակը պարզելու համար:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից ստացված պաշտոնական պարզաբանման համաձայն՝ միջադեպի հիմքում ընկած է եղել երեխայի՝ դպրոցի տարածքն ինքնակամ լքելու փաստը. «Սեպտեմբերի 25-ին սովորող Ա.Ս.-ն մինչ ուսումնական օրվա ավարտը դուրս է եկել «Երևանի Նորիկ Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից՝ օգտվելով 1-ին հերթափոխի երեխաներին ճանապարհելու գործընթացով պայմանավորված անարգել ելքի հնարավորությունից»,- հայտնում են կառույցից:

Ըստ քաղաքապետարանի փոխանցած տվյալների՝ դպրոցի անձնակազմը գործել է արագ և հետևողական. դասղեկն անմիջապես նկատել է երեխայի բացակայությունը, կապ հաստատել ծնողի հետ և նրանց հրավիրել դպրոց: Տեղում դպրոցի տնօրենի, դասղեկի և հոգեբանի կողմից իրականացվել են համապատասխան բացատրական և աջակցող աշխատանքներ:

Պաշտոնական նամակում նաև նշվում է, որ թեև տվյալ օրը ծնողը բարձր է գնահատել դպրոցի անձնակազմի հետևողականությունը, հաջորդ օրը երեխան դպրոց չի ներկայացել. «Դպրոցի աշխատակիցները այցելել են սովորողի բնակության վայր և փաստել, որ ծնողի դիրքորոշումը փոխվել է: Այդուհանդերձ, շարունակական և հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվել է սովորողի կանոնավոր հաճախումը դպրոց»:

Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, որ երեխայի կանոնավոր հաճախումն արդեն վերականգնված է, միջադեպը շարունակում է լուրջ հարցեր առաջացնել ներառականության գործնական կիրառման վերաբերյալ: Փորձագիտական համայնքի բարձրացրած հարցերը՝ կապված դպրոցներում մասնագիտական առանձին սենյակների ապահովման, ուսուցիչների հոգեբանական պատրաստվածության և բժշկական աջակցության բացակայության հետ, դեռևս մնում են արդիական:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված