Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:00 01-10-2026

Հոգեբանական տրավմաներ՝ ներառական դպրոցում․ ծնողների բողոքն ու մանկավարժների «թաքուն» ահազանգը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիրախավորման և խտրականության մասին, որն այս անգամ դրսևորվել էր դպրոցի ղեկավարության մակարդակով։

Ինչպես Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Անուշ Պողոսյանը, խնդիրը սկսվել է փոքր ներառական խնդիրներ և խոսքի խանգարում ունեցող մի երեխայից, ով կտրականապես հրաժարվել է դպրոց գնալ։ Ծնողը փորձել է հասկանալ պատճառը և դիմել է դպրոցի տնօրինությանը, սակայն բախվել է անհարգալից վերաբերմունքի։

Օրենքով սահմանված կարգով դպրոցում պետք է գործեն հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, լոգոպետ, ուսուցչի օգնականներ և լինի հատուկ սենյակ, որտեղ պետք է ոչ միայն աշխատեն ԿԱՊԿՈւ երեխաների հետ, այլև հոգեբանորեն նախապատրաստեն մյուս երեխաներին, որպեսզի վերջիններս սթրեսի չենթարկվեն և հասկանան, թե ինչ է ներառականությունը։ Սակայն տվյալ դեպքում տարրական պայմանների բացակայությունը հանգեցրել է կոնֆլիկտի։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հարցմամբ ճշտելու՝ արդյոք հանրակրթության վարչությունը նշանակել է ծառայողական քննություն իսկությունը պարզելու համար։

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ հարցումը փոխանցվել է կրթության վարչություն, և պատասխանը լինելուն պես այն կտրամադրվի։ Փորձագետի խոսքով համակարգը խնդրահարույց է բոլոր կողմերի համար. բողոքում են հիմնականում առաջին դասարանցիների ծնողները։

Երեխաները, գնալով դպրոց, առաջին անգամ առերեսվում են խնդիրներ ունեցող հասակակիցների հետ, ինչը նրանց մոտ հոգեբանական ծանր սթրես է առաջացնում, քանի որ նախապես որևէ բացատրական աշխատանք չի տարվում։ Շատ դպրոցներում ծնողներին ստիպում են նստել դասարանում երեխայի կողքին, ինչը նոր խնդիր է առաջացնում մյուս երեխաների մոտ, ովքեր չեն հասկանում՝ ինչու իրենց ծնողն էլ ներկա չէ։

Անուշ Պողոսյանի խոսքով՝ իր հետ կապ են հաստատում բազմաթիվ ուսուցիչներ՝ խնդրելով անանուն մնալ, և խոստովանում են՝ իրենք պատրաստ չեն աշխատել այս երեխաների հետ:

«Ասում են՝ մենք պրոբլեմ ունենք առաջին բուժօգնությունից սկսած, երբ երեխան, օրինակ, էպիլեպտիկ նոպա է ունենում կամ սկսում է գոռալ։ Մենք պատրաստ չենք․․․»,- ուսուցիչների խոսքերն է մեջբերում փորձագետը։

Որպես առողջապահության ոլորտի փորձագետ՝ Անուշ Պողոսյանը հիշեցնում է 2014-15 թվականների փորձը, երբ ինքը ղեկավարում էր մարզային վարչություն։ Այն ժամանակ գործող հատուկ դպրոցները, որոնք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ էին գործում, ամբողջությամբ հարմարեցված էին երեխաների կարիքներին՝ թեքահարթակներից մինչև ճաշարաններ։ Բայց ամենակարևորը՝ այնտեղ կար պարտադիր մանկաբուժական և բուժքույրական մշտական հերթապահություն:

«Առողջապահական մասն ապահովված էր, որովհետև այս երեխաները ցանկացած պահի կարող են ունենալ առողջական խնդիրների սրացում, դեղորայքի կողմնակի երևույթներ, էպինոպաներ, հիպոգլիկեմիկ սուր վիճակներ։ Մանկավարժական կազմն էլ անցել էր հատուկ վերապատրաստում և գիտեր՝ որ պահին է պետք բժշկի միջամտությունը, որ պահին՝ բուժքրոջ։ Այսօր հանրակրթական դպրոցներում այս բժշկական օգնությունը պարզապես բացակայում է»,- նշում է Պողոսյանը։

Oragir.News-ը հետևողական է լինելու Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պաշտոնական պատասխանին և հ. 113 դպրոցում ընթացող քննության արդյունքներին։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie