Վանաձորի պետական համալսարանը հայտնվել է խոշոր ֆինանսական և իրավական սկանդալի կենտրոնում։ Բուհի նախկին ռեկտոր Ռուստամ Սահակյանի կայացրած կամայական ու ապօրինի որոշումների հետևանքով համալսարանի բյուջեից վատնվել է շուրջ 30 միլիոն դրամ։
Սակայն ամենաուշագրավն այն է, որ բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Արմեն Ծատուրյանի և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արաքսի Սվաջյանի, ոչ միայն չի փորձում դատական կարգով այդ գումարները հետգանձել բուհին վնաս պատճառած նախկին ռեկտորից, այլև ակնհայտ խուսափողական ու անտարբեր կեցվածք է ընդունել։
ՎՊՀ Գրականության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը
Oragir.News-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց եղելությունը․
«2021 թվականին՝ 50-ամյակիս նախօրեին, նախկին ռեկտորն ինձ ազատեց աշխատանքից, որից հետո դիմեցի դատարան, վերականգնվեցի և ստացա հարկադիր պարապուրդի գումարը։ Վեց ամիս աշխատելուց հետո նորից ազատեց, և դատական պրոցեսը տևեց երկուսուկես տարի։ 2023 թվականին վերականգնվեցի, բայց 2023-ին դարձյալ ազատեց աշխատանքից, ու մինչև հիմա դատական պրոցեսը շարունակվում է։ Ըստ էության, երկու վճռով արդեն ստացել եմ 16 մլն դրամ, իսկ հիմա ևս երկու վճռով շուրջ 9 մլն դրամի հայց եմ շահել, որն այժմ վերաքննիչ դատարանում է։ Այո, միայն իմ մասով համալսարանին շուրջ 25 մլն դրամի վնաս է պատճառվել, բայց ես միակը չեմ․ էլի դասախոսներ են եղել, որոնց դիտավորյալ ազատել է աշխատանքից, օրինակ՝ Հեղինե Մելքոնյանը, ով 4 միլիոն դրամ է շահել դատարանով»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով․ «Համալսարանին դիտավորյալ վնաս է տրվել, ինչը հիմնավորվում է նրանով, որ ամբիոնը մի քանի անգամ դիմել է ռեկտորին թափուր տեղի մրցույթ հայտարարելու համար, բայց նա դիտավորյալ չի հայտարարել՝ գիտակցելով, որ մարզում միակ պրոֆեսորը ես եմ և ես եմ դիմելու, ինչն էլ ավելի է ընդգծում նրա դիտավորությունը։ Նա անձնական խնդիր ուներ ինձ հետ, որովհետև ժամանակին անօրինական բաներ էր արել, ու ես դրանք հրապարակայնորեն քննադատել էի»։
Պրոֆեսորը շեշտում է՝ նախկին ռեկտոր Ռուստամ Սահակյանը վատնել է բուհի միջոցները, և այդ գումարները պետք է անհապաղ հետ պահանջվեն։
«Նախկինում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, որը կարճել են՝ որոշման մեջ նշելով, որ վնասի հատուցումը քաղաքացիաիրավական խնդիր է։ Եթե դա քաղաքացիաիրավական հարց է, ապա նոր ռեկտորը պետք է դատական կարգով դիմի և այդ գումարները վերադարձնի, կամ էլ դա պետք է դիտարկվի որպես վատնում և քրեական գործ հարուցվի։ Գործող ռեկտորը պարտավոր է դատի տալ, քանի որ փողը գույք է, և եթե համալսարանի 30 միլիոն դրամը չկա, նա պետք է պահանջի դա։ Այս հարցով դիմել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ, կրթության նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանին, ով անդաստիարակ ձևով հայտարարեց, թե ընդհանրապես չի ուզում ինձ լսել։
Գրավոր դիմել եմ նաև նոր ռեկտոր Արմեն Ծատուրյանին, որպեսզի դատական հայց ներկայացնի վնասի փոխհատուցման պահանջով, բայց ինձ գրավոր պատասխանել են, թե դիմումն ընդունվել է ի գիտություն, և ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել։ Ստացվում է, որ համալսարանի նախկին ղեկավարն իր քմաճույքով 25-30 մլն դրամի վնաս է պատճառել ՎՊՀ-ին, և դա թողնվում է անհետևանք։ Հանրապետության մնացած բուհերում էլ կա այս խնդիրը․ քաղաքական պատվերներով հեռացնում են լուրջ գիտնականների, հետո մարդիկ վերականգնվում են, գումարները բռնագանձվում են բուհի բյուջեից, ու որևէ պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում»,- ներկայացրեց բանախոսը՝ շարունակելով․
«Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ եթե աշխատողը վնաս է պատճառում, ապա այն ենթակա է փոխհատուցման, իսկ ռեկտորը հոգաբարձուների խորհրդի աշխատողն էր։ Հոգաբարձուների խորհուրդը և դատախազությունը՝ որպես պետական շահերի պաշտպանության մարմին, պետք է միջոցներ ձեռք առնեին, որ դատական կարգով այդ գումարը բռնագանձվեր։ Ես խոսել եմ մարզի դատախազի հետ և առաջիկայում գրավոր դիմելու եմ դատախազություն։ Գործող ռեկտորը պարտավոր է դատի տալ, քանի որ փողը գույք է, և եթե համալսարանի 30 միլիոն դրամը չկա, նա պետք է պահանջի դա»։ Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև պատասխանատուներից։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արաքսիա Սվաջյանը, լսելով հարցը, նախ ասաց, որ «ժամանակ չունի», այնուամենայնիվ պատասխանելով հարցին, թե արդյոք նիստերում քննարկվե՞լ է Ռուստամ Սահակյանից 30 մլն դրամը դատական կարգով հետ բռնագանձելու հարցը, խորհրդի նախագահն անմիջապես փորձեց փակել թեման՝ ասելով․ «Հարցում արեք, գրավոր կպատասխանենք»։
Մեր դիտարկմանը, թե Վանո Եղիազարյանը պնդում է, որ դուք հրաժարվել եք լսել իրեն, Սվաճյանն արձագանքեց․ «Երբ որ երեկոյան ժամը 10-ին զանգել է ինձ և ինչ-որ աշխատանքային հարց է բարձրացրել, բնականաբար հրաժարվել եմ լսել և կրկին առաջարկել եմ իրավական ճանապարհով գրավոր դիմել խորհրդին։ Բնականաբար կստանա իր պատասխանը»։ Արաքսիա Սվաջյանի պատասխանից հետո կրկին պարզաբանում խնդրեցինք պրոֆեսոր Վանո Եղիազարյանից, ով արձագանքեց, որ նախկին փոխնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ ինքը 2 անգամ աշխատանքային ժամերի զանգել է, 2 անգամ էլ Սվաջյանն ասել է, թե գրավոր դիմի, ինքը 2 անգամ գրավոր դիմել է, ինչը մնացել է անպատասխան։ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանն ընդհանրապես չցանկացավ խոսել․ լսելով Oragir.News-ի՝ 30 մլն դրամի վնասի և Ռուստամ Սահակյանի դեմ ռեգրեսիվ հայց չներկայացնելու մասին հարցը, անմիջապես վրա բերեց․ «Հաա, ես էլ ասեմ՝ ինչի մասին եք հարցնում․․․քանի տարի է՝ էդ հարցն եք դնում-վերցնում․․․ամեն ինչ իր ընթացքով գնում է, էդ հարցով խնդրում եմ ինձ մի դիմեք․․․կներեք, հաջողություն»։ Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ բուհի ներկայիս ղեկավարության անգործության պատճառը քաղաքական է. Ռուստամ Սահակյանին ժամանակին այդ պաշտոնին էր բերել ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, և ներկայիս պաշտոնյաները պարզապես վախենում են հակասության մեջ մտնել նրա հետ։
Հիշեցնենք նաև, որ
Oragir.News-ն իր նախորդ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել էր այս թեմային՝ բացահայտելով, որ նախկին ռեկտորի գործողությունների հետևանքով ՎՊՀ հիմնադրամին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս՝ շուրջ 18 միլիոն դրամ։
Գևորգ
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան